Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտ Նիկոլոզին: Կողմերը քննարկել են հայ և վրաց եկեղեցիների առջև ծառացած խնդիրներն ու համատեղ գործնեությանը վերաբերող հարցեր:
Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտ Նիկոլոզին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի:
Հայոց Հայրապետը, բարի գալուստ մաղթելով Նիկոլոզ միտրոպոլիտին համայն հայության հոգևոր կենտրոն, ջերմությամբ վերհիշել է իր հայրապետական այցն Ախալքալաք, ինչպես նաև անդրադարձել վրաց միտրոպոլիտի նվիրյալ գործունեությանը: Նորին Սրբությունը հաստատել է, որ այցի ընթացքում ականատեսն է դարձել հայ ու վրաց համայնքների և երկու Եկեղեցիների կառույցների միջև առկա ջերմ փոխհարաբերություններին և սերտ համագործակցությանը, որոնցում կարևոր է Գերաշնորհ Նիկոլոզ միտրոպոլիտի դերակատարությունը:
Իր հերթին խորին երախտագիտություն փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ միտրոպոլիտ Նիկոլոզն ուրախություն է հայտնել Հայաստան այցելելու հնարավորության համար: Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների միջև շփումների ու կապերի զորացումը՝ հիմք ունենալով նաև ժողովուրդների միջև առկա պատմական աղերսները, ընդհանրություններն ու միանման ավանդույթները:
Հանդիպմանը խոսվել է երկու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին, միևնույն ժամանակ անդրադարձ է կատարվել Եկեղեցիների հոգևոր-կրթական գործունեությանը, մասնավորապես եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը և հովվական ծառայությանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին բարձր է գնահատել Նիկոլոզ միտրոպոլիտի ջերմ վերաբերմունքը հանդեպ Հայ Եկեղեցին և Սամցխե-Ջավախքի հայությունը, մաղթելով Աստծու զորակցությունը նրան իր պատասխանատու առաքելության մեջ:
Այս մասին հայտնում է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիաջինի տեղեկատվական կայքը: