Ախալքալաքի փակ տիպի լողավազանը վերսկսել է իր աշխատանքը հոկտեմբերի 1-ից, գնային քաղաքականության մեջ փոփոխություններ չկան:

Ախալքալաքի փակ լողավազանն այս տարվա երկրորդ վերանորոգումից հետո վերսկսել է իր աշխատանքը։ Այն փակվել էր օգոստոսի սկզբին ջրի փոփոխման և վերանորոգման պատճառով: Վերանորոգման և նախապատրաստական աշխատանքները տևել են 2 ամիս։

Ախալքալաքի լողավազանի տնօրենի խոսքով, որևէ փոփոխություններ չեն նախատեսվում:

«Փոփոխություններ չկան, լողավազանը կաշխատի մինչև հաջորդ մաքրումը և ջրի փոխումը, հերթափոխը կախված կլինի այցելուների քանակից։ Երբ լողավազանը փակվում է, փակվում է նաև մարզասրահը։ Աշխատանքի վերսկսումից հետո այցելուներն արդեն սկսել են գալ»,- ասաց Ախալքալաքի լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը

Լողավազանը վճարովի է այցելուների համար, սակայն կազմակերպությունը գոյատևում է տեղական բյուջեի սուբսիդիաների հաշվին։ 2023 թվականի համար Ախալքալաքի լողավազանի բյուջեն սահմանվել է 248000 լարի, նույնքան գումար էր հատկացվել տեղական բյուջեով նախորդ տարի՝ 2022 թվականին։ Լողավազանում բաժանորդավճարը, չնայած այն բանին, որ քննարկվել է դրա ավելացման հարցը, մնում է նույնը։ Մինչև 13 տարեկան այցելուները վճարում են 10 լարի, 13-ից 18 տարեկանների համար ամսական բաժանորվճարն արժե 20 լարի, 20 տարեկանից բարձր անձինք վճարում են ամսական 40 լարի։