Թբիլիսահայության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, «Հայարտուն» կենտրոնում բացվել է Արցախահայության օգնության կենտրոն:
Մարդիկ, ովքեր կարող են օգնել Արցախից բռնի տեղահանվածներին՝ թե՛ ֆինանսապես, թե՛ նոր, չօգտագործված, ձմեռային հագուստով, նորածնից մինչև 14 տարեկան երեխաների համար, կարող են «Հայարտուն» կենտրոն տանել, որի հասցեն է քաղաք Թբիլիսի, Արզնի փողոց 18, որն աշխատում է ամեն օր, ժամը՝ 10:00-ից մինչև 19:00-ն:
Հաշվի առնելով, որ շատերին ավելի հարմար է գումարը փոխանցել հաշվեհամարին, ներքևում նշված են Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի հաշվեհամարները, որոնց էլ կարող եք գումար փոխանցել:
Bank of Georgia:
GE85BG0000000676628600
TBC Bank:
GE60TB4949545063622478
Jnews-ը դրամահավաքի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար խոսել է Վրաստանի Հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի և «Հայարտուն»-ն կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի հետ:
«Մարդիկ հիմնականում գումարը փոխանցում են հաշվեհամարին, մեր էջում պարբերաբար տեղադրվում են փոխանցված գումարնների նկարները, տարբեր խոսակցություներից և անցած անգամվա փորձից ելնելով, այս պահին, եթե ասեմ, որ ակտիվությունը շատ մեծ է, ճիշտ չի լինի: Հավաքված գումարը և իրերը մեր խումբն անձամբ է տանելու և փոխանցելու բռնի տեղահանված ընտանիքներին, ցանկացողները, ովքեր ունեն ցանկություն մեզ հետ կարող են գալ Հայաստան և անձամբ փոխանցել օգնությունն ընտանիքներին: Այս անգամ կենտրոնացել ենք հանրակացարանային պայմաներում ապրող ընտանիքների վրա, քանի որ այս պայմանաերում ապրող ընտանիքները սոցիալապես ավելի անապահով են և ավելի շատ ունեն օգնության կարիք»,- նշեց Արթուր Միրզոյանը:
«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի խոսքով, մյուս շաբաթվա ընթացքում արդեն հավաքված օգնությունը կտանեն Հայաստան, և ըստ նախնական պայմանավորվածության՝ ամեն ընտանիքի կտրամադրվի 500 դոլլար:
«Երբ արդեն տեսանք, որ կարիքը կա օգնության, հանդիպեցինք և քննարկեցինք անելիքները և որոշեցինք ամենը ինչ անել եկեղեցու հովանու ներքո, քանի որ եկեղեցու հովանու ներքո վստահությունն ավելի մեծ է: Այս անգամ 2020-ի համեմատ ակտիվությունը զգալի նվազել է հայերի շրջանում, բայց այլ ազգի ներկայացուցիչների առումով կարծես կա որոշակի ակտիվություն: Որոշեցինք հավաքել միայն նոր հագուստ, նաև սահմանեցինք տարիքային սահմանափակում մինչև 14 տարեկան, ցանկացողներն առավոտ ժամը 10-ից մինչև երեկոյան 19:00-ը կարող են բերել երեխաների համար ձմեռային տաք հագուստ և կոշիկ: Ինչ վերաբերվում է մնացածին, օգնությունը, որը տալու ենք ընտանիքներին կգնենք հենց տեղում, սահմանային խնդիրներից և տուրքերից խուսափելու համար», – ասաց Եվգենյա Մարկոսյանը:
Հավելենք նաև, որ հոկտեմբերի 7-ի տվյալներով ընդհանուր առմամբ հավաքվել է 15 000 ԱՄՆ դոլլար: