Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալա գյուղից Մարիամ Սահակյանը նպատակասլաց աղջիկ է, ով երազում է հոգեբան դառնալ, վերադառնալ հայրենի գյուղ, դառնալ հայտնի ու կարևոր մարդ։ Նա գիրք է գրում, որի մասին առայժմ շատ բան գաղտնի է պահում։
Մարիամ Սահակյանը 16 տարեկան է, սովորում է 12-րդ դասարանում, մասնակցում է Վրաստանի և Հայաստանի իրեն հասանելի բոլոր երիտասարդական ծրագրերին։
Ավարտական դասարանի աշակերտուհին ինքնավստահ է և հպարտ: Մի քանի տարվա մտորումներից հետո Նա որոշել է հոգեբան դառնալ:
«Ես շատ եմ կարևորում հոգեբանի դերը մեր կյանքում և կարծում եմ, որ եթե լավ մասնագետ լինեմ, կարող եմ ինձ բացահայտել տարբեր ոլորտներում և օգնել մարդկանց, բայց իմ գլխավոր երազանքը հայտնի և կարևոր մարդ դառնալն է»,- ասում է Մարիամը:
Մարիամը ցանկանում է քանդել այն կարծրատիպը, որ եթե հոգեբանն աշխատում է մարդու հետ, ապա վերջինս անպայման հոգեկանի հետ խնդիրներ ունի։
«Ես ուզում եմ քանդել կարծրատիպերը, քանի որ բոլորս էլ ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք ունենք, իսկ հոգեբանները կարող են լինել հենց այդ մարդիկ: Ես իսկապես սիրում եմ մարդկանց հետ շփվել, խորհուրդներ տալ»:
Մարիամն այս տարի ավարտում է դպրոցը և ցանկանում է ուսումը շարունակել Թբիլիսիում։
«Ես ապրում եմ Վրաստանում, քանի որ սովորելուց հետո ուզում եմ վերադառնալ Դամալա, նպատակահարմար է սովորել Վրաստանում, բայց ընդհանուր առմամբ երազում եմ ուսում ստանալ Եվրոպայում»։
Մարիամը գիրք է գրում, արդեն 80 էջ գրել է, նույնիսկ վերնագիրն է մտածել, բայց գաղտնի է պահում, սակայն խոստացավ մեզ հրավիրել գրքի շնորհանդեսին։ Մարիամը նախատեսում է գիրքը հրատարակել 2024 թվականին։ Գրքի թեման մոտիվացնող իրականությունն է։
«Իմ տարիքի մարդկանց մասին է, ովքեր երազանքներ ունեն, բայց վախենում են հետևել իրենց երազանքներին, իմ գրքում ես փորձում եմ երազել և չհրաժարվել երազանքից: Եվ ինչ-որ չափով երազել ոչ միայն անձնական նպատակի համար, այլև ի օգուտ հայրենիքին, համայնքին»:
Մարիամ Սահակյանը՝ «Awesome Foundation Javakhk» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, նախորդ 2022 թվականի օգոստոսին Դամալայում հակասրճարան է բացել։
Նրա խոսքով, ինքը ցանկացել է երիտասարդներին հավաքել հակասրճարանում մեկ գաղափարի շուրջ, որպեսզի նրանք դպրոցից դուրս ոչ ֆորմալ կրթություն ստանան։ Նրա խոսքով, այնտեղ անցկացվում են հանդիպումներ, սեմինարներ։ Նա սեմինարներ է անցկացրել ժամանակի կառավարման և մեդիագրագիտության թեմաներով:
«Անտի-կաֆե, այսինքն՝ սրճարանում վճարում ես ոչ թե սննդի, այլ տեղի համար: Այստեղ կարող են ընկերներով հավաքվել, զրուցել, ֆիլմ դիտել, խաղալ»։
Այս տարիքում բոլոր երիտասարդները պատրաստ են «աշխարհը շուռ տալ», բայց ոմանք, հանդիպելով խոչընդոտների, հուսահատվում են և կանգ առնում։ Մարիամ Սահակյանն այն երիտասարդներից է, ում խոչընդոտներն էլ ավելի ուժեղ են դարձնում։