Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին գրում է News.am-ը հղում անելով ТАСС-ին։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է զրուցակիցը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հռչակագրի հիման վրա։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու տևողությունը որոշվել է պայմանագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով՝ ևս հինգ տարով ավտոմատ երկարաձգմամբ, եթե պայմանագրի կողմերից մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: