Ավելի քան 40 տարվա փորձ ունեցող 64-ամյա բժիշկ Հակոբ Հակոբյանը Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալա գյուղից վերջերս արժանացել է Ասպինձա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը։ Jnews-ը գյուղի բժշկից փորձեց պարզել, թե որն է նրա երջանկության գաղտնիքը։

Դամալա գյուղ մեր այցելության ժամանակ հպարտությամբ պատմում էին, որ մունիցիպալիտետը գնահատել է իրենց համագյուղացու աշխատանքը և Շոթաոբայի տոնին նրան շնորհել «Ասպինձայի պատվավոր քաղաքացի» կոչումը։ Համագյուղացիներն իրենց բախտավոր են համարում, որ գյուղում ունեն Հակոբ Հակոբյանի նման մարդ: Մենք ևս հետաքրքրվեցինք նրա անձով: Նա երկար ժամանակ համեստ ժպիտով մեզ համոզում էր, որ իր մասին նյութ չպատրաստենք, որ նա սովորական բժիշկ է, և որ իր մասին գրելու բան չկա։

zvanie

Հակոբ Հակոբյանը 1976 թվականին ոսկե մեդալով ավարտում է գյուղական դպրոցը և ընդունվում Երևանի բժշկական ինստիտուտ։ 1982թ.-ին այն ավարտելուց հետո երեք տարի աշխատում է Հրազդան քաղաքում և վերադառնում Դամալա։ Այս տարիների ընթացքում նա աշխատում է որպես թերապևտ, անեսթեզիոլոգ, ամբուլատորիայի տնօրեն ոչ միայն գյուղում, այլև Ասպինձայի հիվանդանոցում։

«Բժիշկ դառնալու միտքը ծնողներս են տվել, բայց ինձ շատ է դուր գալիս իմ մասնագիտությունը»,- նշում է Հակոբ Հակոբյանը, ով բազմազավակ ընտանիքի 6 երեխաներից մեկն էր։

Նրան հնարավորություն է ընձեռվում Դամալայից դուրս աշխատելու, սակայն նա վերադարձում է, ամուսնանում համագյուղացու հետ։ Կինը, մասնագիտությամբ ինժեներ է, ով մնալով գյուղում դառնում է տնային տնտեսուհի։

«Չեմ ափսոսում, որ եկել եմ։ Ինձ համար հանգիստ, լավ ապրել եմ: Երեխաներս տատիկի հետ են մեծացել, զգացել են թե «ինչ բան է տատիկը»։ Այստեղ մարդիկ տարբեր են, մարդկանց միջև հարաբերությունները՝ այլ, նրանք ավելի անմիջական են, քան մեծ քաղաքներում, մարդիկ քեզ հարգում են, իսկ դու՝ իրենց»,- ասում է Հակոբ Հակոբյանը։

Ունի երեք երեխա՝ որդի և երկու դուստր, և 6 թոռ։ Հակոբ Հակոբյանի երեխաները դժգոհ էին գյուղական կյանքից, նրանք լքել են գյուղը և ապրում են Մոսկվայում։

Դժվարություններից Հակոբ Հակոբյանը նշում է միայն վրացերենի ոչ բավարար իմացությունը, սակայն դա նրան չի խանգարում քննություն հանձնել և ստանալ բժշկի արտոնագիր։ Այժմ նա գյուղական ամբուլատորիայում աշխատում է միայն որպես թերապևտ։ Առողջական վիճակի պատճառով 2003 թվականին դադարեցնում է աշխատանքը քաղաքային հիվանդանոցում որպես անեսթեզիոլոգ։ Նա իր գրասենյակում կամ գյուղական ամբուլատորիայում օրական ընդունում է 10-15 հիվանդ։ Գյուղում բոլորը նրան համարում են «յուրային»։

Գյուղական ամբուլատորիան հագեցած է բժշկական անհրաժեշտ սարքավորումներով, որոնց մեծ մասը իր սեփականն են։

Հակոբ Հակոբյանն այն եզակի մարդկանցից է, ովքեր իրենց երջանիկ մարդ են համարում։

«Դու քեզ պիտանի ես զգում: Երեկ ինձ զանգել էին գիշերվա մեկին: Ինձ գնահատում են որպես բժիշկ, Թբիլիսիից հետո մարդիկ, միևնույն է, գալիս են ինձ մոտ՝ խորհուրդ ստանալու, մինչ մեկնելը ևս գալիս են, ես ախտորոշում եմ: Ես երջանիկ մարդ եմ, երջանիկ իմ ընտանիքով, իմ ապրած կյանքով… Երբ փրկում ես գրեթե մահացած մարդուն, քեզ Աստված ես զգում»,- նշում է բժիշկը։

Նրա խոսքով, եթե հնարավոր լիներ ամեն ինչ նորից սկսել, նա նորից կընտրեր Դամալա գյուղը, ինչպես նաև այն ուղին, որով անցել է։