Ջավախքի ազգային պարկի տարածքում՝ Ճոբարեթում, Թեթրոբի կոչվող գեղատեսիլ վայրում արդեն ստեղծվել են հանգստի և քեմփինգի համար նոր վայրեր։
Ջավախքի գեղատեսիլ անկյունում՝ Թեթրոբիում, երեք տեղերում հայտնվել են երեք փայտե տնակներ՝ զուգարանով և ձիավարման սարքավորումների պահեստային տեղով, խարույկի համար նախատեսված տեղով և ամառանոցով։ Տնակներում կա վառարան, մահճակալներ, սեղան, իսկ արևային մարտկոցները ապահովում են էլեկտրաէներգիան։ Այս հանգստյան տների և քեմփինգի շինարարությունն ավարտվել է այս տարի, վերը նշվածի հետ մեկտեղ Թեթրոբիում հայտնվել է զբոսաշրջային արահետ՝ հատուկ գծանշված, որպեսզի զբոսաշրջիկները չմոլորվեն։ Տնակներից օգտվելը, սակայն, ըստ Ջավախքի ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Թամազ Կարապետյանի, անվճար չի լինի, գինը կսահմանվի մոտ օրերս:
«Սա փաստացի հյուրանոց է և չի կարող այն լինել անվճար: Ջուր կա, լույս կա, մի քանի տեղ աղբյուրներ կան: Ավելի մանրամասն տեղեկություններ կլինի մեր կայքում: Ինչ վերաբերում է գնին, օրինակ Կարծախում լինի մեկ, երկու կամ երեք հոգի՝ գինը 60 լարի է: Իսկ արդեն երեք հոգուց ավելիի դեպքում, յուրաքանչյուր անձի համար ավելացվում է 20-ական լարի: Եթե նույնիսկ վրաններ տեղադրեն, մենք պետք է իմանանք: Այնտեղ ոչ միայն կարող է հրդեհ լինել, այլ մարդիկ կարող են պարզապես մոլորվել: Պետք է իմանանք, թե քանի մարդ է մտել այնտեղ և քանիսն են դուրս եկել անտառից: Եթե հետևել նշաններին, տեսանելի է զբոսաշրջային արահետը, կան կարմիր և սպիտակ ներկով նշաններ: Այնտեղ հնարավոր չէ մոլորվել, քանի որ միայն մեկ ճանապարհ է»,- ասում է Թամազ Կարապետյանը։
Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն կամ ոտքով բարձրանալ դեպի քեմփինգ, կամ մեքենայով կամ ձիով:
«Տեղ կա, որտեղ կարելի է ձիավարության պարագաները թողնել, ձիերին կապել, տեղ կա, որտեղ կարելի է հեծանիվը կանգնեցնել: Սամեբայում մենք ձիեր ունենք, թամբեր և այլ սարքավորումներ ենք տվել նրանց, պայմանավորվելով, որ նրանք կարող են ծառայություն մատուցել պարկի այցելուներին, իսկ գինը թե որքանով՝ դա արդեն մեր գործը չէ: Այցելուներն իրենք են պայմանավորվում ձիերի տիրոջ հետ: Մեր այցելուների կենտրոնը կարող է տրամադրել կոնտակտներ, կամ նրանք արդեն անձամբ կարող են գտնել այդ կոնտակտային տվյալները կայքում»:
Քեմփինգը ստեղծվել է Գերմանիայից 16 000 250 դոլարի չափով դրամաշնորհի շնորհիվ՝ գերմանական KFW զարգացման պետական բանկի միջոցով՝ պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման համար: Դրամաշնորհը նախատեսված է վեց տարվա համար: Գերմանիայի կողմից հատկացված միջոցները պետք է օգնեն բարելավել արգելոցների վարչակազմերի աշխատանքը և բարելավել անձնակազմի որակավորումը, ինչպես նաև զարգացնել էկոտուրիզմը։ Նախագիծը, որը ֆինանսավորվում է գերմանական բանկի կողմից, կոչվում է «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում – Վրաստան»:
Այս ծրագրի շրջանակներում, Ջավախքի ազգային պարկում, Թեթրոբիի արգելոցում ստեղծվել են զբոսաշրջային ենթակառուցվածքներ: Շինարարությունը սկսվել է 2022 թվականի ամռանը։ Ծրագրի շրջանակներում կառուցվել են 3 քոթեջներ և հարակից ենթակառուցվածքներ։ Արահետները պետք է միացվեն այլ զբոսաշրջային արահետների, որպեսզի ստեղծվի մի ամբողջ համակարգ։
Այս վայրը համարվում է արգելոց, քանի որ այս տարածքում աճում է հազվագյուտ, թավշյա ծաղիկ, որը հանդիպում է աշխարհի միայն չորս վայրերում: Ծաղիկը կոչվում է «Ջավախքի Փամփարուլա», հենց դրա հետ էլ կապված է արգելոցի անունը` «Թեթրոբի» (սպիտակ վայր)` պայմանավորված այն հանգամանքով, որ Փամփարուլան սպիտակ է: Արգելոցի տարածքը 3000 հեկտար է: Սա լեռնային Ջավախքում թթվածնով գերհարուստ վայրն է: