Ջավախեթյան փողոցը և պետական մայրուղու մաս կազմող Դարբինյան փողոցի հատվածը վերանորոգման ավարտական փուլում են, փողոցների վերականգնվող հատվածների կոյուղու դիտահորերը երկար ժամանակ բաց են մնացել։ Այս պահին բաց է մնում 2 դիտահոր։

Ջավախեթյան փողոցում այս պահին շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, իսկ Դարբինյան փողոցում աշխատանքներն ավարտվել են, մեկ դիտահոր Դարբինյան-Մյասնիկյան փողոցների խաչմերուկում և մեկ դիտահոր Ջավախեթյան փողոցում բաց են մնում։ Բնակիչները անհանգստանում են, որ եթե երեխան կամ մեծահասակը պատահաբար ընկնեն այդ դիտահորերը, վերջիններիս փրկելը չափազանց դժվար կամ անհնար կլինի: Դարբինյան փողոցում, գոնե շրջակայքում կան նախազգուշական նշաններ, իսկ Ջավախեթյանում որևիցե ցուցանակ և արգելապատնեշ չկա։

Дизайн без названия - 1

Ինչպես պարզաբանեցին Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնից, իրենք չգիտեն, թե ինչ է պատահել հին դիտահորերին, գուցե դրանք կոտրվել են ճանապարհի վերանորոգման ժամանակ կամ դրանք գողացել են։ Սակայն, տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլիի խոսքով, Սպասարկման կենտրոնը պատասխանատու է միայն Դարբինյան փողոցի համար։

«Դարբինյան փողոցում արդեն 7 դիտահոր ենք փոխել, մնացել է մեկը, սպասում ենք համապատասխան չափի դիտահորին, որը կլինի կա՛մ այսօր, կա՛մ վաղը: Որևէ մեկը որ չընկնի, այնտեղ մետաղյա թիթեղ ենք դրել, բայց այն գողացել են: Ինչ վերաբերում է Ջավախեթյան փողոցի կոյուղու դիտահորերին, ապա դրանք պետք է տեղադրի այն ընկերությունը, որը փոխել է ջրագիծը և անցկացրել կոյուղին, դա նրանք պետք է անեն երաշխիքային ժամկետում: Մենք նրանց հետ սրա վերաբերյալ խոսել ենք», – ասում է Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին։

Дизайн без названия - 1

Ջավախեթյան փողոցի ջրագիծ-կոյուղին անցկացնող «Մշենեբլոբա» ընկերությունը հայտնել է, որ այս փողոցի դիտահորերը բազմիցս փոխել են, սակայն դրանք կոտրվել են ճանապարհը վերանորոգող ընկերության մեղքով։ «Մշենեբլոբան» չի պատրաստվում փակել երթեւեկության համար վտանգավոր Ջավախեթյանի բաց դիտահորը։

Ասֆալտապատումն իրականացրել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Այս ընկերությունից մեզ հայտնեցին, որ շինարարական աշխատանքների արդյունքում դիտահորի կափարիչը չի վնասվել, և իրենք պարտավոր չեն փակել դիտահորը։

Արդյունքում դիտահորի հետ կապված հարցը մնում է բաց, ինչպես և՝ դիտահորը: Բնակիչները և վարորդները պետք է շատ զգույշ լինեն, որ չընկնեն փոսը, քանի դեռ պատասխանատուները որոշում են, թե ով պետք է փակի դիտահորը։