Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարությանն այն մասին, որ USAID-ի ծրագրերից մեկը ֆինանսավորում է Վրաստանում հեղափոխության նախապատրաստումը և իշխանության տապալումը, այդ մեղադրանքները որակելով կեղծ։ Արձագանքել է նաև «Կանվաս-Վրաստան» կազմակերպությունը, որն այս դեպքում հանդես է գալիս որպես այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսված հեղափոխության կազմակերպիչ։
«Մեր աջակցության ծրագրերից մեկի հասցեին այսօր հնչեցված մեղադրանքները կեղծ են և, ըստ էության, խեղաթյուրում են Վրաստանին մեր օգնության նպատակները, ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն է ցուցաբերում Վրաստանի ժողովրդին 1992 թվականից, ինչպես միշտ, այդ աջակցությունը թափանցիկ է, և մենք ողջունում են ցանկացած հնարավորություն՝ քննարկելու բոլոր խնդիրները, որոնք կարող է ունենալ կառավարությունը»,- ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Քաղաքացիների՝ իրենց կարծիքն ու ձգտումներն ազատ արտահայտելու իրավունքը ցանկացած ժողովրդավարության հիմքն է և արժեքը, որը կիսում են երկու երկրները,- ասվում է հայտարարության մեջ։
«Ավելի քան երկու տարի ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է CANVAS-ի հետ՝ օգնելու մարդկանց խոսել իրենց ընտանիքների և համայնքների համար կարևոր խնդիրների մասին: CANVAS-ի հետ համատեղ իրականացվել է թրեյնինգ մայրերի համար, ովքեր պահանջում են մանկական քաղցկեղի ավելի լավ բուժում, և տարեց քաղաքացիների իրավունքները պաշտպանող անհատների: Չնայած չարդարացված հարձակումներին՝ մենք կշարունակենք աջակցել վրացական այն կազմակերպություններին, որոնք օգնում են մարդկանց պաշտպանել իրենց սահմանված և արժանի ապագան և Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ։
«Canvas-Georgia»-ն պնդում է, որ դա ոչ այլ ինչ է, քան ճնշում իրենց կազմակերպության նկատմամբ և կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուշադրություն դարձնել դրան։ «Ի պատասխան քաղաքացիական հասարակության հաջող արշավի՝ ընդդեմ ռուսական օրենքի, փետրվար-մարտ ամիսներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաները սպառնալիքներ են հնչեցրել Canvas Georgia-ի տնօրեն Գեորգի Մելաձեի հասցեին: Նրան անվանում էին «էքստրիմիստ դասախոս» և քարոզարշավի կազմակերպիչներից մեկը։ Սպառնալիքի արշավը շարունակվեց սեպտեմբերի 18-ին, երբ Պետական անվտանգության ծառայության պաշտոնյան հրապարակային ասուլիսում հայտարարեց, որ Canvas կազմակերպությունը ներգրավված է պետության դեմ կազմակերպված դավադրության մեջ՝ գործող իշխանությունը տապալելու նպատակով։ Հայտարարության հրապարակումից 10 օր անց՝ սեպտեմբերի 29-ին, Պետական անվտանգության ծառայությունը հարցաքննության է կանչել Canvas-ի անդամներ Սլոբոդան Ջինովիչին և Սինիշա Շիկմանին, ինչպես նաև Canvas-ի Բելգրադի գրասենյակի աշխատակից Ելենա Տանչիչին։ Հարցաքննությունից հետո մի քանի ժամ անց նրանք լքել են Վրաստանի տարածքը՝ չտալով պաշտոնական մեկնաբանություններ, քանի որ հարցումները համարվում էին պետական գաղտնիք, իսկ մասնակիցների վրա դրված էր չհրապարակելու պարտավորություն։
«Canvas-Georgia-ն այս դեպքերը գնահատում է որպես ճնշում կազմակերպության ղեկավարի, ինչպես նաև այն ակտիվիստների վրա, ովքեր համագործակցում են կազմակերպության հետ, կրթություն են ստանում և գիտելիքներ են տարածում ռազմավարական ոչ բռնի արշավների մասին»:
Հարկ է նշել, որ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր ճեպազրույց է տվել, որում ներկայացրել է սեպտեմբերի վերջին տեղի ունեցած թրեյնինգից ձայնագրությունները՝ նշելով, որ այս թրեյնինգի իրական նպատակն է ակտիվիստներին պատրաստել հեղափոխության՝ կառավարությունը տապալելու համար, որն ըստ Պետական անվտանգության ծառայության՝ նախատեսվում է մինչև այս տարվա վերջ։