Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքն ընթանում է ակտիվ տեմպերով: Որոշ ֆերմերներ գոհ են բերքից, ոմանք՝ ոչ։ Կարտոֆիլի բերքատվության վրա այս տարի ազդել են ոչ միայն եղանակային պայմանները, այլ նաև կարտոֆիլի սորտերի ընտրությունը։

Ֆերմերների մեծ մասը դժգոհ է միայն որոշ սորտերի բերքից, իսկ մնացած սորտերն այս տարի նույնիսկ ավելի լավ բերք են տվել, քան նախորդ տարի։

Ի ուրախություն ֆերմերների, Ախալքալաքի մունիցիպալիտետում երկու շաբաթ է, ինչ լավ եղանակ է։ Բոլորը դաշտերում են, խոշոր ֆերմերները մարդիկ են վարձում կարտոֆիլ հավաքելու համար, իսկ մանր ֆերմերները հավաքում են ամբողջ ընտանիքով։

Տարբեր գյուղերի ֆերմերների մեր հարցումների համաձայն, տարբեր գյուղերում կարտոֆիլի բերքատվությունը տարբեր է: Այն գյուղերում, որտեղ ցանքատարածությունները վնասվել են կարկուտից, հեղեղ է եղել, բերքը վատ է եղել։ Մնացած դաշտերում գյուղացիները գոհ են բերքից։ Հիմնականում այն մարդիկ, ովքեր ցանել են «Գրանադա», «Օդետա», «Արիզոնա» սորտերը, գոհ չեն բերքից։

Փոքր Սամսար գյուղց Մուշեղ Ավագյանը մեկ շաբաթ առաջ է սկսել կարտոֆիլի բերքահավաքը, լրիվ բերքը հավաքելու համար նրան մոտ 15 օր ևս կպահանջվի։ Նա գոհ է բերքից։

«Այս տարի բերքը ավելի լավ է, քան նախորդ տարի: Կարկուտը չի վնասել մեր ցանքատարածությունները: Կարտոֆիլը հիվանդացել էր ֆիտոֆտորայով, դեղ ենք ցողել, բայց դա այդքան էլ չօգնեց: Նրանք, ովքեր ցանել են «Գրանադա» սորտը, բերք չեն ստացել, կարտոֆիլը չորացել է»,- ասում է Մուշեղ Ավագյանը։

Նրա խոսքով, կարտոֆիլի բերքատվությունը մոտավորապես մեկ հա 250 ց է։

Կաջո գյուղն այն գյուղերից մեկն է, որտեղ կարկուտը և ջրհեղեղը վնասել էին դաշտերը։ Կաջո գյուղից Օհանջանյան Անդրանիկը ասում է, որ որտեղ կարկուտը խփել է, կարտոֆիլն աճել է 10 տոկոսով, այլ վայրերում բերքը լավն է:

«Որտեղ ջրհեղեղ է եղել, ֆիտոֆտորան ավելի տարածված էր, իսկ այդ հիվանդությունը կախված է կարտոֆիլի սորտից: Արիզոնա և Գրանադա սորտերն ավելի շատ են հիվանդացել ֆիտոֆտորայով: Ես ցանել եմ միայն «Ջելլի» տեսակը և շատ գոհ եմ»,- ասում է Անդրանիկ Օհանջանյանը:

Բերքատվությունն, ըստ Աղաջանյանի, մոտ 1 հա 250-300 ցենտներ կլինի:

Կլիմայական պայմանների պատճառով այս տարի մունիցիպալիտետում շատ տարածված էր ֆիտոֆտորա հիվանդությունը։ Շատերը փորձել են դաշտերը բուժել դեղերով, թեև դա ոչ բոլորին է օգնել, ի թիվս այլ բաների, դեղը թանկ էր, և ոչ բոլորը կարող էին դա իրեն թույլ տալ։

Ալաստան գյուղից Նաիր Մելտոնյանը տարբեր սորտերի կարտոֆիլ է ցանել, սակայն «Օդետա» և «Գրանադա» սորտերից գոհ չէ: Ըստ ֆերմերի, կարտոֆիլի բերքատվության վրա ազդել են նաև կլիմայական պայմանները։

«Ընդհանուր առմամբ բերքը լավը չէ, իմը մյուսների համեմատ ավելի լավ է, ես ցանել եմ «Սոֆիա», «Ջելլի», «Օդետտա» սորտերը։ «Գրանադա»-ն հիվանդացավ ավելի շուտ և ավելի շատ, դեղերով բուժեցի, քանակ կա, բայց կարտոֆիլը չմեծացավ: «Օդետտա» սորտը ընդհանրապես չծլեց: Մարդիկ գարնանն անցյալ տարվա բերքը չկարողացան վաճառել, դեղի փող չունեին: Ես էլ 16 տոննա կարտոֆիլ դեն գցեցի աղբանոց, չկարողացա վաճառել»,- ասում է Նաիր Մելտոնյանը։

Նա նշում է, որ սեփական տեխնիկա չունեցողներին կարտոֆիլ մշակելը թանկ է նստում, ու ինքնարժեքը բարձր է լինում։

Խավեթ գյուղից Սամվել Խաչատրյանն ասում է, որ ֆիտոֆտորայի դեմ դեղամիջոցը չի օգնել, այլև հակառակը՝ վատացրել է վիճակը:

«Ընդամենը երկու տեղ էր չորացել, դեղը ցողելուց հետո ամբողջ արտը չորացավ: Գրանադայի բերքը վատն է: Մյուս տարի «Սոֆիա» եմ ցանելու»,- ասում է Սամվել Խաչատրյանը։

Խավեթցի Յուրա Սահարյանը նախընտրել է ընդհանրապես դեղ չցողել:

«Գրանադա» սորտը վատ բերք է տվել, սերմերը չեն աճել: Քանակ կա, իսկ որակ՝ ոչ: Ես դեղ չեմ ցողել, եղբայրս էր բուժել, և հակառակը, հիվանդությունը շատացել էր: «Սոֆիա», «Աննա թագուհի» սորտերը լավ են աճել: Իսկ ընդհանուր առմամբ ես պետք էր գազար ցանեի»,- ասում է Յուրա Սահարյանը:

Բարալեթ գյուղում իրավիճակն առանձնապես չի տարբերվում:

«Այն դաշտերը, որոնք հիվանդացել էին, ընդհանրապես կարտոֆիլ չի եղել, և դրանք հիմնականում «Օդետտա», «Արիզոնա», «Գրանադա» սորտերն են, իսկ «Ջելլին» գերազանց բերք է տվել, նույնիսկ ավելի լավ, քան նախորդ տարի»,- ասաց Վառլամ Բերուջանյանը։

Ախալքալաքի կարտոֆիլի գինն այժմ 65-70 թեթրի է, գնորդները քիչ են։