«ԱՄՆ ՄԶԳ-ի քաղաքացիական հասարակության մասնակցության ծրագրի» շրջանակներում Bus Tour կանցկացվի Ախալքալաքում և Նինոծմինդայում, ինչպես նաև շրջանի որոշ գյուղերում: Ախալքալաքում շրջագայությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին և 3-ին Կարտիկամ, Վաչիան, Խուլգումո գյուղերում:

Շրջագայությունների ժամանակացույցն Ախալքալաքի մունիցիպալիտետում.

  • hոկտեմբերի 2-ին ժամը 10:30-ին հանդիպումը տեղի կունենա Կարտիկամ գյուղում՝ գյուղի հարսանյաց սրահում,
  • hոկտեմբերի 2-ին ժամը 2:30-ին հանդիպումը տեղի կունենա Վաչիան գյուղում՝ գյուղի հանդիսադահլիճում,
  • hոկտեմբերի 3-ին ժամը 10:30-ին տուրի մասնակիցները գյուղի ծիսական տանը կշփվեն Խուլգումո գյուղի բնակիչների հետ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Bus Tour-ը:

«ԱՄՆ ՄԶԳ-ի քաղաքացիական հասարակության մասնակցության ծրագրի» առաջնահերթություններից մեկը Վրաստանի ամենահեռավոր և խոցելի բնակավայրերում կարիքների բացահայտումն ու հակազդումն է: Այլ մեխանիզմների հետ մեկտեղ ԱՄՆ ՄԶԳ-ն տարին երկու անգամ կազմակերպում է Bus Tour: Այսինքն՝ հավաքում է հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և տանում կենտրոնից հեռու գյուղեր ու քաղաքներ, որպեսզի նրանք կարողանան անմիջականորեն շփվել տեղի բնակչության հետ և իմանալ նրանց խնդիրների մասին։

Bus Tour-ը այս անգամ տեղի կունենա Ջավախքում։ Շրջանն ուշադրության է արժանացել իր էթնիկ և կրոնական փոքրամասնություններով հարստությամբ:

Հանդիպումները կանցնեն ոչ պաշտոնական մթնոլորտում։ Քննարկման հիմնական թեմաներն են՝ կրթություն, քաղաքացիական մասնակցություն տեղական մակարդակում որոշումների կայացմանը, քաղաքացիության խնդիրը, պետական ծառայությունների հասանելիությունը, կրոնի ազատությունը, տարածաշրջանի տնտեսական մարտահրավերները, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների իրավական կարգավիճակը: