նորություններ 29 Սեպտեմբերի, 2023 • Փոքր և մեծ Կաժերի միջև  գտնվող գեղեցկուհին․ Դամալա

Փոքր և մեծ Կաժերի միջև է գտնվում գեղեցիկ, կանաչ, մաքուր մի գյուղ՝ Դամալան։ Ասպինձայի մունիցիպալիտետի միակ հայաբնակ գյուղում այս պահի տվյալներով ապրում է 1400 բնակիչ, մոտ 400 ընտանիք։ Բնակիչները գյուղից հեռանալու ցանկություն չունեն, իսկ ով ժամանակին գնացել է, հիմա վերադառնում է, տուն է գնում և շարունակում ապրել իր հայրենի գյուղում։

Դամալան առաջին հայացքից աչքի է ընկնում իր մարքությամբ։ Բան այն է, որ գյուղից «Սոցիալապես անապահով քաղաքացիների զբաղվածության լայնածավալ ծրագրի» շրջանակներում 105 հոգի աշխատանքի է տեղավորվել, ովքեր էլ ապահովում են գյուղի յուրաքանչյուր մասի մաքրությունը, ինչն էլ մեծ հպարտություն է պատճառում բնակիչներին։ Նշում են՝ զբոսաշրջիկներ շատ են գնում իրենց գյուղ։

kokhta berd

Ասպինձայի մունիցիպալիտետն ունի 24 գյուղ, որից մեկն է հայաբնակ՝ Դամալան: Դամալացիներն այստեղ են հաստատվել գաղթելով Արևմտան Հայաստանից 1828 թվականին։

khaghogh

«Ամեն ինչով օգնում է մեզ Ասպինձայի քաղաքապետարանը,  որ ասեմ 100 %-ով բավարարված ենք, հավատացեք միանշանակ ճիշտ կլինեմ։ Խմելու ջրի խնդիր չունենք, միայն ոռոգման համակարգ չունենք, դա էլ հույս ունենք շուտով կլինի։ Մի մազաչափ նեղություն չունենք», — ասաց գյուղի բնակիչ Անտոն Կերեքցյանը։

Ինտեգրման խնդիր ևս չունեն, ասում են՝ մեծահասակները միջին մակարդակում տիրապետում են վրացերենին, իսկ երիտասարդները՝ շատ լավ։ Պաշտպանում են հայկական ավանդույթները։ Յուրաքանչյուրի տանը կարելի է տեսնել հայկական նախշերով սեղանի սփռոցներ կամ այլ իրեր։

Այս տարի գյուղի հանրային դպրոց է հաճախել 12 առաջին դասարանցի, իսկ ընդհանուր աշակերտների քանակը կազմում է 161։

Երիտասարդները հիմնականում Երևանում են  բարձրագույն կրթություն ստանում,  կան նաև Թբիլիսիում սովորողներ։

erexaner

Հոկտեմբերի 1-ից գյուղի հանրային դպրոցում հիմանորոգման աշխատանքներ են սկսվելու։ Աշակերտները կշարունակեն դասերը գյուղում պետության կողմից վարձակալած տանը, որտեղ էլ երեխաները երկու հերթափոխով դպրոց կհաճախեն։

Գյուղացիները պատմում են՝  երիտասարդները մեծ քաղաքներ են գնում սովորելու, կեսը հետ է վերադառնում, կեսը՝ չէ։ Գյուղում ունեն՝ թե բժիշկ, թե մանկաբույժ, թե անասնաբույժ։

Դամալայում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ շատ չեն զբաղվում, քանի որ հողատարածք քիչ ունեն, ամեն մի ընտանիք ընդամենը 35 ար հողամաս ունի։

Դժգոհ են այս տարվա բերքից, ոչ սոխն է լավ բերք տվել, ոչ էլ ընկյուզը։ Սոխը լավ չի մեծացել, իսկ ընկյուզը սևացած է։

enkyuz

«Երկու ծառից ամեն տարի 1 տոննա խնձոր էի հավաքում, իսկ այս տարի շատ քիչ է բերքը, եղածն էլ վնասված է։ Միակ խնդիրը մեր գյուղի ոռոգման ջուրն է, իրականում ջուր կա, որը 3-4 կմ ճանապարհ է անցնում, ամեն մարդ իր դաշտում ծակել է խողովակը, մյուսներին էլ չի հասնում», — ասաց Դամալայի բնակիչ Գրիգոր Փիլիփոսյանը։

sokh

Գյուղացիների հիմնական եկամուտն արտագնա աշխատանքից է։ Սակայն պայմանավորված ռուբլու անկմամբ, շատերն այս տարի չեն մեկնել Ռուսաստան և գյուղի բնակիչներից շատերն են աշխատանքի տեղավորվել Ասպինձայում։

Գյուղապետ Մարտին Կերեքցյանը ասում է՝

«Նորոգվեց մեր մշակույթի տունը, Գյուղի աջակցության ծրագրով ստանում ենք 40 000 լարի, որից 20 000-ը տեղականն է տալիս, 20 000-ը՝ պետություն։ Գյուղում 90%-ից և ավելի փողոցները լուսավորված են, 80%-ից ավելի ասֆալտապատված, երկու տարվա մեջ վերջնական կանենք։ Ինչ վերաբերում է ջրի խնդրին այն մասամբ լուծված է,  երկու ուղղություն ունենք, մեկն անցած տարի են վերանորոգել, երկրորդը՝ նախատեսում ենք մյուս տարի վերանորոգել։ Ջուրը գյուղ հասնում է սարերից։ Ոռոգման համակարգ չունենք, հուսով ենք դա էլ կլուծենք։ 5 միլիոն լարի 5 տարվա մեջ, տարբեր ծրագրեր ենք իրականացրել», — ասաց Դամալայի գյուղապետ Մարտին Կերեքցյանը։

damala 1

Բնակիչներն ասում են՝ Ախալքալաքի գյուղերի հետ կապը շատ սերտ է, հարսները հիմնականում Ախալքալաքից են։ Ունեն նաև ազգությամբ մի վրացի հարս և երկու փեսա։ Փեսաները հիմա ապրում են Դամալայում։

Նշում են՝ շատ առաջներում եղել է ազգային զտում, սակայն հիմա շատ լավ են ապրում միասին, անգամ Ասպինձայում ծառայությունների աշխատակիցները սկզբում իրենց են սպասարկում, հետո նոր Ասպինձայի քաղաքապետարանի մյուս բնակիչներին։

Վերատպման կանոն