Ախալքալաքում սեպտեմբերի 30-ին կայանալիք «Աշխարհի ժողովուրդների բարեկամություն» միջազգային ֆոլկլորային փառատոնը չեղարկվել է, քանի որ սոցիալական ցանցերում ախալքալաքցիները բողոքի մեծ ալիք բարձրացրին և պահանջում էին հարգել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականցված ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց հիշատակը և չեղարկել փառատոնը կամ այլ քաղաքում անցկացնել։
«Աշխարհի ժողովուրդների բարեկամություն» փառատոնը Ախալքալաքում անցկացվելու էր Վրաստանի պարարվեստի միության նախաձեռնությամբ, որի մասին առաջին անգամ հայտարարվել էր դեռ օգոստոս ամսին։ Սակայն Ղարաբաղյան դեպքերից հետո փառատոնի անցկացումը մեծ դժգոհություն առաջացրեց Ախալքալաքի երիտասարդների շրջանում, և նրանք սկսեցին Facebook սոցիալական հարթակում արշավ սկսել, որպեսզի չեղարկեն փառատոնի անցկացումն Ախալքալաքում։ Ի վերջո որոշվեց, որ փառատոնն առհասարակ չի կայանա։
Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում նշեց․
«Իհարկե չի կայանա։ Թող ոչ ոք չկասկածի Աշուղ Ալիքի հայրենասիրության վրա։ Մինչ սոցիալական կայքերում հայտարարություն տարածելը, որ ինչ-որ խմբեր չեն մասնակցում փառատոնին, պետք է սպասել և տեսնել այն կայանալո՞ւ է, թե ոչ, որ մասնակցեն կամ չմասնակցեն։ Այդ ամենից առաջ ես, քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նրա տեղակալը, ինչպես նաև Պարարվեստի միության նախագահը երկխոսությունների մեջ էինք, թե ի՞նչ անել։ Այո, փառատոնը չանցկացնել Ախալքալաքում, բայց ի՞նչ անել, հնդիկներն արդեն տոմսերը գնել են, նախ որոշվեց տեղափոխել Մցխեթա, այնուհետև խնդիրներ առաջացան սրահի հետ կապված։ Բնական էր, որ մեր հայկական կոլեկտիվները չէին մասնակցի, ինչպես նաև պարարվեստի միությունում նշեցին, որ հայ ժողովրդի բարեկամներն են, այդ պատճառով որոշվեց ընդհանրապես չեղարկել փառատոնը»։
Ընդգծենք, որ Ախալքալաքում սեպտեմբերի 25-ին նախատեսված երաժշտական երեկոն նույնպես պայմանավորված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով անորոշ ժամանակով հետաձգվել է։