Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվող կեղծ տեղեկությունները, այն անվանելով ստահոդ լուրեր, որն իրականության հետ որևէ աղերս չունի։
Դեսպանության տարածած ահյտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի` ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այս ծանր պահին»։
Բանն այն է, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, «Լիդերի 41» ֆեյսբուքյան էջը «Շատ տհաճ տեղեկություն վրացիների համար» վերնագրով հրապարակում է արել, որն այս պահի դրությամբ (13:10) 16 կիսում և 59 մեկնաբանություն ունի:
Հրապարակման մեջ գրված է.
«Ղարաբաղում ապրող հայերը կվերաբնակեցվեն Աբխազիայում, խոսքը Ղարաբաղից տեղահանված 40.000 հայերի մասին է, որոնք Աբխազիայ0ում վրացիների տներում պետք է ապրեն:
Այն կազմակերպում են հայ լոբբիստները և Աբխազիայի դե ֆակտո նախագահի վարչակազմը:
Քանի դեռ ժամանակ կա, պետք է գործենք: Եթե Հայաստանի Հանրապետությունը 40 հազար հայ ղարաբաղցի փախստական ուղարկի Աբխազիա, ապա Վրաստանը պետք է ճանաչի Հայաստանը որպես թշնամական պետություն»։
AliqMedia-ն գրում է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկարով հանդես եկող ֆեյսբուքյան «Լիդերի 41» էջը, որը տարածում է բացառապես իշխանական լուրեր և համարվում է իշխանության ջատագով։ Ինչպես հայտնի է՝ էջը քարոզչական բնույթ ունի և հաճախ է ապատեղեկատվություն տարածում:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ արել վերջ տալ հակահայկական կեղծ քարոզչությանը և ատելությանը:
«Կատարյալ սուտ է, և երկրորդ անգամ եք նույն սուտը տարածում, 2020 թվականին արդեն տարածել էինք, և, երբ ապացուցվեց, որ դա սուտ է, այն տարածողներից ոչ-ոք չասաց՝ այո, սուտ էր։ Հայերի համար այս ամենամեծ ողբերգության պահին մի քանդեք այն հիմնասյուները, ինչի վրա կանգնած են վրաց-հայկական հազարամյակներ շարունակվող հարաբերությունները»։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի