Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով 290 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռեւս ծայրահեղ ծանր վիճակում են։

7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել եւ նրանք մահացել են հիվանդանոցում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

«Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ բժիշկների թիմը անհրաժեշտ դեղորայքով եւ բժշկական պարագաներով ուղղաթիռով մեկնել է դեպի Ստեփանակերտ։ «Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման»,- ասված է հաղորդագրությունում։