Այս օրերին Լեռնային Ղարաբաղում ռումբների և արկերի տակ՝ երեխայի ծնունդ, Մարտունի քաղաքի պաշտպանության համար զոհված հայորդիների և ապաստարանում անցկացրած անասելի ծանր պայմանների մասին է գրել լրագրող Մարիամ Սարգսյանը։ Մարիամը 44-օրյա պատերազմի դժնի օրերին պսակադրվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, իսկ այս օրերին 9 ամսական երեխան գրկին պարտադրված է պատսպարվել ապաստարանում։

«Սպասում, մահեր և ծնունդ

Նկուղում ժամանակը կանգ է առնում՝հատկապես, երբ սպասում ես լուրի, զանգի ու չկա այդ զանգը։

Օրվա երկրորդ կեսին՝ 3-ի կողմերը մի կերպ կապվեցի Հովիկի հետ ու հետո որքան զանգում էի՝ չէր ստացվում։ Կապը խափանվել էր մի շարք հատվածներում եւ մարդիկ չէին կարողանում կապվել իրենց հարազատների հետ։ Հեռախոսային ընդհատվող խոսակցությունները ավելի էին լարում իրավիճակը։ Մի երիտասարդ կին կիսատ տեղեկություն ստացավ ամուսնուց, չհասկացավ, թե չընկալեց՝ պարզ չէր, բայց կորցրեց գիտակցությունը։ Փոքրիկ դեղտուփի մեջ սահմնաափակ թվով դեղեր էին և առաջին օգնությունից անտեղյակ մենք (ևս մի կետ, որին պարտավոր են տիրապետել հատկապես հակամարտության գոտում գտնվողները)։ Ժամերը ձգվում էին, բայց մոտակա գյուղերից ոչ մի նորություն։ Մարտակերտից տխուր լուրեր էին հասնում, Ամարասից՝ ևս։ Մինչև լուսաբաց սպասումը թափառում էր նկուղում։ Խոսել կարող էինք միայն դրսից, ընդհատվող կրակահերթերի տակ դուրս գալը համարձակ քայլ էր։

Չգիտեմ քանի անգամ եմ զանգել ամուսնուս և ամեն անգամ սպասումով, որ այս զանգին կպատասխանի։ Նայում էի աղջկաս, որ ոչինչ չի հասկանում և սարսափում, որ կարող է չճնաչել իր հորը…

Գիշերվա 12-ն անց էր, երբ թվում էր վերջապես կդադարեն հարվածել քաղաքին, բայց դրսում պատերազմը շարունակվում էր և թվում, որ այն վերջ չունի։ Հարվածներն ավելի մոտ էինք զգում։

Նկուղի մեր տղան՝ Հովոն, որ երևի 14 տարեկան էր բացատրում էր ցերեկով, որ, երբ զգաք, որ ձեզ վրա հող է թափվում, այդ ժամանակ կվախենաք։

Արդեն սպասումից նվաղած փորձեցի փակել աչքերս, երբ ձայնը կարծես հնչեց գլխիս մեջ։ Սա վերջն է։ Էլ չկա՞նք։ Դռների ու պատուհանների ապակիները հասան նկուղ ու հաջորդ զարկը…կանք, դժոխը դեռ չի վերջացել։

Սարսափը, որ արկը հենց մեր նկուղի վրա է ընկել՝ պատեց բոլորիս։ Երջանիկ էիր զգում, որ այս անգամ էլ փրկվեցիր։ Բայց սպասումը շարունակվում է։ Չգիտեմ քանի րոպե քնեցի, բայց իրականությունն ու ցնորքը խառնվել էին իրար, ինձ թվում էր այդքան սպասված զանգը հնչել է, բայց ես արթուն չէի…չէր հնչել, երազ էր։

Առավոտը ծանր բացվեց, պարզվեց, որ Ազնավուրը մենակ չէր։ Իր հետ էր Նվերը, որ մի ամիս առաջ էր ամուսնացել և իր զոհված հորեղբոր անունն էր կրում (ով եևս նորապսակ էր, երբ զոհվեց)։ Իր հետ էր ոսկեմազ, փոքրամարմին Վաչագանը, ով իր այրիացած մոր միակ զավակն էր, և տունը վերանորոգել, ավարտել էր, պիտի շուտով ամուսնանար։ Իր հետ էր Բաբկենը, որ կնոջ թիկունքն էր…

Նախորդ օրվա հրետակոծության զոհ էր դարձել նաև երկար տարիներ քաղաքի հայտնի տաքսիստ Նոձին, ով շատ դաժան մահով զոհվեց. մարդը պարզապես դուրս էր եկել հաց տանելու համար։

Գիշերվա միակ լավ լուրն այն էր, որ նկուղում երեխա է ծնվել։ Բոլորը վստահ էին՝ հաստատ Շանթի Մարինեի երեխան է։ Շրջափակման 9 ամիսները համընկել են Մարտունի տեղափոխված սփյուռքահայ Շանթի ու կնոջ՝ Մարինեի երկրորդ երեխայի սպասման հետ։

Նախորդ 9 ամիսների ընթացքում ամենատխուրը հղիների վիճակն էր, որ չէին ստանում անհրաժեշտ վիտամիններ, իսկ հիմա կլորիկ փորերով ստիպված էին իջնել նկուղ։

Այս զույգը, որ հեշտորեն կարող էր ապրել ԱՄՆ-ում՝ նախընտրեց Արցախը, հայրենիքը։ Նախընտրեց հետպատերազմյան Արցախը, ավերակների մեջ կյանք ստեղծելը, հայրենիքն ապրեցնելը։ Այսօր լսեցին ռումբերի և իրենց մանկան ճիչը միաձուլված։ Ցեղասպանված, հայրենազրկված արևմտահայի ծոռն այսօր Արցախում կանգնած է նույն ճակատագրի առաջ, ինչ իր պապերը։ Ապրումներս բառեր չեն դառնում։

Հ. Գ Հովիկը զանգեց գրեթե 24 ժամ հետո, մեր բախտը բերեց… »,- գրել է լրագրող Մարիամ Սարգսյանը։