Սեպտեմբերի 21-ից ՌԴ կառավարությունը սահմանափակել է ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը, այդ թվում՝ դեպի Վրաստան։
Ինչպես ասվում է ՌԴ կառավարության որոշման մեջ, կան մի քանի բացառություններ՝ արգելքը չի տարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա, ինչպես նաև այլ պետությունների տարածքներում գտնվող ռուսական ռազմական կազմավորումների և այլնի վրա։ Բացի այդ, սահմանափակումները չեն տարածվելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վրա, բացի Ռուսաստանից միության անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Ռուսաստանը Վրաստանի համար վառելիքի խոշորագույն մատակարարներից մեկն է։ Նավթամթերք ներմուծողների միության տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի դրությամբ ներկրվող բենզինի և դիզվառելիքի ամենամեծ՝ 81 տոկոսը, բաժին է ընկել Ռուսաստանից Վրաստան ներմուծումներին։
Հենց այդ պատճառով է Վրաստանում թանկանում վառելիքը։ Վերջին երեք ամիսների ընթացքում գներն աճել են գրեթե 70 թեթրիով։ Նավթամթերք ներմուծողների միությունն ակնկալում է, որ միջազգային իրադարձությունների ֆոնին վառելիքի գների աճի միտումը կպահպանվի նաև առաջիկա շաբաթներին։
Այս որոշումից հետո դեֆիցիտ ստեղծելու սպառնալիքի ազդեցության տակ վառելիքի գները բարձրացան նաև Եվրոպայում։
Ռուսաստանի կառավարությունը պնդում է, որ դա ժամանակավոր սահմանափակում է և ուղղված է ներքին շուկայում վառելիքի գների կայունացմանը։
Սեպտեմբերի քսան օրերի ընթացքում նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանը բենզինի և դիզվառելիքի արտահանումը կրճատել է 30 տոկոսով՝ հասցնելով 1,7 մլն տոննայի։