Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարի վառելափայտ դեռ չի վաճառվում։ Այն գյուղերի բնակիչները, որտեղ գազ չկա, անհանգստացած են, քանի որ երեկոյան ժամերին արդեն ջեռուցման կարիք են զգում։ Դիմելու դեպքում Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիական ծառայության բնապահպանության բաժինը կարող է օգնել վառելափայտ գնելու հարցում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ և Դադեշ գյուղերն այն գյուղերից են, որտեղ բնական գազ չկա։ Բնակիչներն արդեն անհանգստացած են, քանի որ անցյալ տարի այս ժամանակ արդեն վառելափայտը պաշարել էին, իսկ այս տարի դեռ չեն վաճառում։
Սիրանուշ Հարությունյանն ապրում է Խավեթ գյուղում և պատմում է, որ ամեն տարի այս ժամանակ վառելափայտով մեքենաները գալիս էին գյուղ։
«Գյուղում երկու հոգի է վառելափայտ գնել: Մենք կամ առնում ենք, կամ խոտը փոխանակում ենք վառելափայտի հետ: Մեր մոտ վառելափայտը մյուս գյուղերի համեմատ ավելի թանկ է եղել, հեռավոր գյուղ է, ճանապարհ չի եղել, այս տարի նոր ճանապարհը սարքում են»,- ասում է նա։
Սամվել Մկրտչյանը նույնպես ձմռան վառելիքի սպասման մեջ է: Նա ասում է, ոչ գյուղ են բերում, ոչ էլ թույլտվություն են տալիս, որ իրենք գնան ու բերեն։
Խավեթ գյուղի բնակիչները հաճախ վառելափայտը փոխանակում են խոտի կամ գյուղմթերքի հետ, թեև, ըստ բնակիչների, փոխանակումը ձեռնտու չէ, քանի որ դա իրենց վրա ավելի թանկ է նստում։
«70 խոտի տուկ ենք տալիս, 1 շարք վառելափայտ ենք առնում, 1000 լարիից ավել ենք ծախսում վառելափայտի վրա: Գազն ավելի ձեռնտու է, ցավոք, մենք չունենք: Այս տարի չգիտենք ինչ ենք անելու»,- ասում է Սամվել Մկրտչյանը:
Դադեշ գյուղում այս տարի ընդամենը 4 ընտանիք է դեռ վառելափայտ գնել:
«Մենք երազում ենք, որ ի վերջո գազ անցկացնեն, և վերջապես ազատվենք դժվարություններից: Այն գյուղերում, որտեղ գազ չկա, գոնե վառելափայտի լիմիտ տան, որ թանկ գնով չգնենք: Մունիցիպալիտետը միթե լիմիտ չունի չգազիֆիկացված գյուղերի համար»,- ասում է Մաքսիմ Կուրղանյանը։
Վառելափայտի մեկ շարքը, ըստ Դադեշի բնակիչ Կոլյայի, արժե 650 լարի, երեխա ունեցող ընտանիքը տարեկան օգտագործում է 4 շարք՝ ծախսելով 2600 լարի։ Բացի այդ, ավելանում են ջարդման, տեսակավորման ծախսերը, ինչպես նաև տանը մրի մշտական անհարմարությունը։
Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիական ծառայության բնապահպանության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլին ասաց, որ մունիցիպալիտետի համար վառելափայտի լիմիտ չկա, բայց ցանկացողներին նա կարող է օգնել։
«Մեր մունիցիպալիտետի համար լիմիտ չկա, անտառագոտիներում ընկած ծառերը տալիս ենք անտառագոտիների մոտ գտնվող գյուղերի բնակիչներին, բայց բոլորի համար նման ռեսուրս չկա, թող դիմեն մեզ, դիմում գրեն, ես կօգնեմ։ Ընկած ծառերն այլևս չկան, բայց ես կզանգեմ Ադիգեն, Ասպինձա, այնտեղ կնախապատրաստեն, հետո մարդիկ կգնան, կվերցնեն: Դա կարող է ավելի քիչ արժենալ, քան գնումը»,- ասում է Ռամազ Խուցիշվիլին։
(Ռամազ Խուցիշվիլիի հեռախոսահամարը՝ 599 85 53 33)