Եվրահանձնաժողովը 500 հազար եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար։ Հայտնում է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության վարչությունը (ECHO)։
«Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: Դրամական օգնության միջոցով ԵՄ մարդասիրական օգնությունը կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով նրանց ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն:
Այս շտապ ֆինանսավորումը գալիս է լրացնելու այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղին ԵՄ-ի տրամադրած 1,17 միլիոն եվրո մարդասիրական օգնությանը։
Ընդգծելով մարդասիրական անվտանգ հասանելիության կարևոր անհրաժեշտությունը՝ Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է.
«Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության վրա։ Ի պատասխան՝ տեղահանվածներին աջակցելու համար ԵՄ-ն մոբիլիզացնում է լրացուցիչ 500 հազար եվրո՝ որպես շտապ մարդասիրական օգնություն:
Մենք տեղում ուշադիր հետևում ենք իրավիճակին և պատրաստ ենք ավելի շատ օգնություն առաջարկել։ Թեև ԵՄ-ն ողջունում է հրադադարը, ես խստորեն կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին ապահովել անարգել և անհապաղ մուտք մարդասիրական կազմակերպությունների համար: Մենք պետք է համոզվենք, որ մարդասիրական աշխատողները կարող են շտապ օգնություն տրամադրել կարիքավոր մարդկանց»:
ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում իր հումանիտար գործընկերների հետ և պատրաստ է լուծել աճող մարդասիրական կարիքները հետագա էսկալացիայի դեպքում։
2020 թվականին հակամարտության լայնածավալ սրումից հետո Հայաստանում և Ադրբեջանում մենք աջակցում ենք մարդասիրական գործողություններին ավելի քան 21 միլիոն եվրոյով»,- ասված է հայտարարության մեջ։
Տրամադրվող աջակցության մասին մանրամասներ փորձեցինք ճշտել Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։ Մեզ հայտնեցին, որ այս պահին տեղեկություն հնարավոր է ստանալ միայն գրավոր հարցման միջոցով, որին, պատվիրակության փոխանցմամբ, կպատասխանեն հնարավորինս շուտ։ Թե ինչ ժամկետի մասին է խոսքը, դժվարացան պատասխանել։