Ախալքալաքից ավելի ու ավելի շատ ֆերմերներ են վաճառում իրենց կարտոֆիլը չիփսեր արտադրող ընկերությանը։ Ճիշտ է, ընկերությունը գնում է ոչ բոլոր տեսակի կարտոֆիլ, այլ միայն որոշակի, ինչպես նաև որոշակի չափի, բայց տեղացի ֆերմերի համար դա ինչ որ չափով կայունություն և հուսալիություն է:

«FRIXX» չիփսերն արտադրվում են Վրաստանում։ «Նոր բերք» ՍՊԸ-ն իր արտադրության համար կարտոֆիլ է գնում հիմնականում Ախալքալաքի ֆերմերներից։ Ընկերությունը համագործակցում է շրջանի 400 ֆերմերի հետ։ Գյուղացիների համար կարտոֆիլի ընդունման գինը ցածր է՝ 55 թեթրի, սակայն նրանց ձեռք է տալիս կայունությունը։ «Նոր բերք»-ը արտադրության մեծացման համար, աշխատում է իրացման շուկայի ընդլայնման ուղղությամբ:

FRIXX կարտոֆիլի չիփսերի գործարանը գտնվում է Թբիլիսիում, սակայն պահեստը, որտեղ կարտոֆիլն ընդունվում, տեսակավորվում և գտնվում է Ախալքալաքում։ Ֆերմերը կարտոֆիլը դաշտից անմիջապես բերում է պահեստ, որտեղ բանվորները տեսակավորման մեքենայով կարտոֆիլը տեսակավորում են, գնում են միայն անհրաժեշտ չափը, իսկ մնացածը վերադարձնում ֆերմերին։ Չիփսերի համար ընտրվում է միայն 3 սմ-ից 7 սմ տրամագծով կարտոֆիլը, տեսակավորման վրա աշխատում է 7 մարդ։ Պահեստում կարելի է պահել մինչև 1800 տոննա կարտոֆիլ։

frixx1

Ընկերությունը բացվել է 2015 թվականին, ԵՄ ծրագրով, ապա արդեն ընդլայնվել։ Նրանք իրենց տեսակի մեջ միակն են Վրաստանում։ Տարեկան վերամշակվում է 1000 տոննա կարտոֆիլ։ Մեկ կիլոգրամ չիփս պատրաստելու համար անհրաժեշտ է 4 կգ կարտոֆիլ։

«Արդեն 300 տոննա “Ագրիա” սորտի կարտոֆիլ ենք գնել: Մենք ֆերմերներին ճանաչում ենք, խորհուրդներ ենք տալիս նրանց, գնում ենք դաշտեր, տեղում նայում ենք, ամբողջ գործընթացը վերահսկում ենք: Ապրանքը պահում ենք այստեղ, որոշակի ջերմաստիճանում՝ +8 աստիճան, որպեսզի շաքարը չբարձրանա: Չիփսի համար մեզ հարկավոր են քիչ շաքար պարունակող սորտերը»,- ասում է «Նոր բերք» ՍՊԸ-ի տնօրեն Թամազ Քուրդաձեն։

frixx2

Դիլիսկա գյուղից Մուրադ Մոսոյանը երկու տարի է աշխատում է «Նոր բերք» ընկերության հետ։ Նրա խոսքով, լավ է, երբ սեզոնի ցանկացած պահի ֆերմերը գիտի, որ կարող է վաճառքի հույս ունենալ։

«Այս տարի արդեն 14 տոննա կարտոֆիլ եմ վաճառել 55 թեթրիով, ընդհանուր առմամբ գինը ցածր է, բայց ավելին չեն տալիս, իրենց ձեռնտու չէ, բերում ենք, տեսակավորում են, մնացածը հետ են տալիս »,- ասում է Մոսոյան Մուրադը։

«Վաճառքի խնդիր կա, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, պայքարում ենք: Արդեն հինգերորդ տարին է, ինչ աշխատում ենք և վերցրել ենք վրացական շուկայի 30 տոկոսը: Մեր արտադրանքի գինը մի փոքր ցածր է, քան արտասահմանից ներմուծված ապրանքներինը »,- ասում է «Նոր բերք» ընկերության տնօրենը։

frixxx

FRIXX-ը մտադիր է ընդլայնել ինչպես իրացման շուկան, այնպես էլ արտադրվող ապրանքների տեսականին: Ընկերությունը նախատեսում է երկու տարում կառուցել օսլայի և կարտոֆիլի արտադրության գործարան և նոր արտադրանք թողարկել։ Այս դեպքում նրանք ֆերմերներից կգնեն նաև մանր կարտոֆիլը։

Ընկերությունը, ըստ Թամազ Քուրդաձեի, արտադրում է բնական չիփսեր, առանց ավելորդ քիմիական տարրերի և արտահանում է բազում երկրներ՝ Հայաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Իսրայել։