Այս տարվա երկրորդ վերանորոգումից հետո, Ախալքալաքի փակ լողավազանը հոկտեմբերի 1-ից կվերսկսի աշխատանքը։ Այն փակվել էր օգոստոսի սկզբին մեկ ամսով, սակայն վերանորոգումն ու նախապատրաստական աշխատանքները տեւեցին 2 ամիս։
Ախալքալաքի փակ լողավազանը, 7 ամիս տեւած վերանորոգումից հետո, սկսեց գործել 2023 թվականի ապրիլին, սակայն երեք ամիս աշխատելուց հետո լողավազանը կրկին փակվեց վերանորոգման համար։
«Սարքավորումներն արդեն հնացել են, փչանում են, կամաց- կամաց ամեն ինչ փոխում ենք, վերանորոգել ենք բոլոր տեխնիկական մասերը, շարժիչները, լողավազանում 20 շարժիչ է աշխատում, կարգի են բերվել սալիկները»,- ասաց Ախալքալաքի լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը:
Տնօրենի խոսքով, լողավազանը կվերսկսի իր աշխատանքը հոկտեմբերի 1-ից։ Ներկայումս ընթանում է լողավազանը ջրով լցնելու գործընթացը, որը տեւում է մի քանի օր։
Լողավազանը բաժանորդների համար վճարովի է, սակայն կազմակերպությունը գոյատևում է տեղական բյուջեի սուբսիդիաներով։ 2023 թվականին Ախալքալաքի լողավազանի բյուջեն կազմում է 248 հազար լարի, նույնքան գումար էր հատկացվել տեղական բյուջեից նախորդ տարի՝ 2022 թվականին։ Լողավազանում բաժանորդավճարը, չնայած, որ քննարկվել է նրա ավելացման թեման, մնում է նույնը։ Մինչև 13 տարեկան հաճախորդները վճարում են 10 լարի, 13-ից 18 տարեկանների համար ամսական բաժանորդավճարը 20 լարի է, 20 տարեկանից բարձր անձինք վճարում են ամսական 40 լարի։