Մարտունիում բողոքում են, որ իրենց գյուղը չունի աղբամաններ, բոլոր բնակիչները աղբը նետում են գետը:

Մարտունի և Խոսպիո գյուղերը գտնվում են Ախալքալաք քաղաքին մոտ: Այս երկու գյուղերն իրարից գետով են առանձնանում: Գետի մի կողմում գտնվում է Մարտունի գյուղը՝ 50 ընտանիքով, մյուս կողմում Խոսպիո գյուղն է 100 ընտանիքով:

Մարտունի գյուղի որոշ բնակիչներ բողոքում են, որ համագյուղացիները կենցաղային աղբը և գոմաղբը գետն են լցնում: Գետի ափը լի է աղբով և գոմաղբով:

Մարտունի գյուղի բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ ասում է, որ անհնար է անցնել գետի երկայնքով՝ տհաճ հոտի ու կեղտի պատճառով:

Մեկ այլ բնակչուհի, ով նույնպես չցանկացավ նեկայանալ կարծում է, որ եթե Մարտունիում լինեն աղբամաններ, այդ դեպքում գետի ափի աղտոտման խնդիր նրանք չեն ունենա: Հարևան Խոսպիո գյուղում տեղադրել են երկու աղբամաններ, մեկը մայրուղու վրա կանգառի մոտ, իսկ երկրորդը գյուղի ծիսական տան մոտ:

«Ես չեմ նետում աղբը գետը: Ոչ բոլորն են գյուղում աղբը նետում այդտեղ, սակայն մենք չենք կարող որևէ բան ասել», – ասում է մի բնակչուհի:

Բնակիչների հետ մեր զրույցի ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է Մարտունի գյուղի բնակիչներից մեկը գոմաղբը լցնում գետը: Մեր հարցին, թե ինչու եք աղբը նետում գետը, նա զայրացած պատասխանեց.

«Ուր նետեմ: Գյուղում ենք թափում ասում են գյուղն աղտոտում եք: Միայն ես չեմ նետում, ամբողջ գյուղն է լցնում: Ինչու՞ աղբարկղեր չեն դնում», – ասաց Մարտունիի բնակիչը:

Մարտունի և Խոսպիո գյուղերի լիաազոր Թեմուր Կավրելիշվիլին տեղյակ է այս խնդրին:

«3 տարի է, ես պահանջում եմ Շրջանային վարչությունից տեղադրել աղբարկղեր: Ասում են 700 արկղ պետք է ստանանք, ձեր գյուղերին էլ կտանք: Իսկ աղբը գիշերը բերում և թափում են, ես դա արդեն չեմ կարող վերահսկել: Ես ոչինչ չեմ կարող դրա հետ անել, ինձնից ոչինչ կախված չէ», – ասում է Թեմուր Կավրելիշվիլին:

Աղբարկղերը հավաքում է «ՍՊԸ Սանմաքրումը»: Կազմակերպությունը պարտավոր է հավաքել աղբը Ախալքալաք քաղաքից, Բավրա գյուղից, ինչպես նաև գյուղերում տեղադրված աղբարկղերից:

Շուշան Շիրինյան