Ախալքալաքում անչափահասների զգալի մեծամասնությունն աշխատում է, քանի որ ընտանիքում այլ աշխատուժ չկա, կամ ընտանիքը բավարար եկամուտներ չունի իր նվազագույն կարիքների բավարարման համար: Ըստ չգրված օրենքի՝ շատերը Ջավախքում երեխաներին աշխատանքի են ուղարկում «մարդ դարձնելու» նպատակով: Սակայն կան նաև երեխաներ, ովքեր աշխատում են, որովհետև չեն ցանկանում ծնողներից փող վերցնել, ուզում են իրենց կարիքների համար սեփական գրպանից վճարել:
Բերքահավաքի ժամանակ Ախալքալաքում բոլորը դաշտերում են, մեծից փոքր։ Գյուղացու համար առաջնայինը մինչև ուժեղ ցրտահարությունները սկսվելը բերքը դաշտից պահեստ հասցնելն է։ Մեծահասակներին հավասար դաշտերում աշխատում են նաև տարբեր տարիքի ու սեռի երեխաներ։
Կարեն Չիվչյանը Խուլգումո գյուղից է։ 17-ամյա երիտասարդն արդեն մի քանի տարի է, ինչ իր որոշմամբ մասնակցում է բերքահավաքին, չնայած ծնողները միշտ դեմ են եղել, բայց ինքը կոնկրետ որոշում ունի։
«Տղան ամեն անգամ չպետք է ծնողներից գումար խնդրի, ես կարծում եմ, որ պետք է ինքն աշխատի և իր գումարն ունենա։ Տնից փող ուզել ամեն օր հնարավոր չէ։ Իհարկե, ծնողներս սկզբում համաձայն չէին, բայց թե ես համոզեցի ու գնացի, որ կախվածություն չունենամ», – ասում է Կարենը։
Նա հիմնականում անում է հետևյալ աշխատանքները՝ կարտոֆիլի ցողուններն է հավաքում, կարտոֆիլով լի պարկեր շալակում։
«Արդեն մի քանի տարի է գնում եմ, սովոր էինք գործին, դրա համար էլ շատ դժվար չէր։ Որ փոքր էի 10 կամ 11 տարեկան գնում էի մեր դաշտ, բայց գործ չէի անում։ Ես չեմ կարծում, որ երեխային փոքր տարիքից դաշտ տանել ճիշտ է, բայց հիմա երբ արդեն բավականաչափ մեծ եմ, պետք է աշխատեմ, որ իմ կարիքները ինքս հոգամ», – ավելացնում է Կարենը։
Աշխատած գումարը Կարենը դեռ չի որոշել, թե ինչի վրա է ծախսելու, չի դժգոհում, կարևորն այն է, որ տնից փող չի ուզում։
Վեջինիս խոսքով, իր հետ դաշտերում աշխատել են տարբեր տարիքի երեխաներ։
Երեխաները, վաղ տարիքից ստիպված լինելով սեփական քրտինքով գումար վաստակել, զրկվում են տարրական կրթություն ստանալու իրավունքից:
Ըստ Վրաստանում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսգիրքի 54-րդ հոդվածի առաջին կետի՝ երեխան իրավունք ունի պաշտպանված լինելու աշխատանքից, որը խանգարում է նրան կրթություն ստանալ կամ վնասակար է նրա առողջությանը կամ ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուզական և սոցիալական զարգացմանը:
Նույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր երեխայի համար վտանգավոր, ծանր, վնասակար աշխատանք կատարելուց պաշտպանելու նպատակով պետությունը ձեռնարկում է համապատասխան վարչական, սոցիալական և դաստիարակչական միջոցներ։
Օրենքն ասում է մի բան, հասարակությունն անում այլ բան՝ ստիպված կամ էլ ոչ։ Իրականում կանգնում ենք դառը իրականության առաջ, որտեղ երեխաները դպրոց չեն գնում, որպեսզի դաշտերում աշխատեն։
Նախկինում բերքահավաքի ընթացքում գյուղերի դպրոցները փակվում էին, քանի որ ոչ մի երեխա դպրոց չէր գնում։ Վերջի տարիներին իրավիճակը փոխվել է։
Խավեթ գյուղից Հարությունյան Սիրանուշը պատմում է, որ ժամանակին իր 10 տարեկան երեխային ուղարկել է հովիվ, բայց փոշմանել է։
«Իհարկե սխալ է երեխային դաշտ տանելը։ Նրանց համար հիմա շատ զբաղմունքի կենտրոններ կան։ Ասում են քաղաքի երեխան այլ ձև է զարգացած, քան գյուղինը։ Այդպես էլ կա, երեխան հողի մեջ ինչպես է զարգանալու։ Այնպես է ստացվել, որ ես երեխաներիս շատ փոքր հասակից բերել եմ դաշտ, որ նստեն, իսկ ես գործս անեմ, պահի տակ հետ եմ դարձել ու տեսել, որ հող են ուտում։ Որդիս մոտ 10 տարեկան էր գյուղի ոչխարի հոտի հովիվն էր, հոտը որ տուն էր գալիս հետևից մարդ չէր երևում։ Հիմա եմ փոշմանել, բայց ուրիշ հնար չեմ ունեցել»,- պատմում է Սիրանուշը։
Սիրանուշի որդին, ով 10 տարեկանից աշխատել է և ծնողներին օգնել, այսօր իր երեխաներին դաշտ չի տանում։
«Ես կարծում եմ, որ ճիշտ չէ երեխային տանել դաշտեր, նրանք մեծանում են, բայց այդ ընթացքում ոչ մի հետաքրքիր բան չեն տեսնում, ես նույնպես փոքր հասակից դաշտ եմ գնացել, բայց դա սխալ է։ Երեխաների համար այստեղ ապագա չկա»,- ասում է Սերգեյ Հարությունյանը։
Մեր զրուցակիցներից մեկը չցանկացավ ներկայանալ, բայց գտնում է, որ երեխան կարող է, և պետք է ծնողին օգնի միայն այն ժամանակ, երբ դասերն ավարտած լինի։
«Եթե երեխան պետք է դպրոց չգնա ու գնա դաշտ աշխատելու, դա միանշանակ սխալ է, աշակերտը պետք է զբաղվի իր գործով, իր դասերն անի, դաշտ գնացողն էլ իր գործն անի։ Աշակերտը դասերից հետո և ազատ ժամանակ կարող է ծնողին օգնել»։
Խավեթից Սիմոնյան Նաիրին փոքրուց աշխատել է դաշտերում, օգնել ծնողներին, մինչև հիմա էլ զբաղվում է գյուղական գործերով և կարծում է, որ ավելի լավ է բոլոր գործերն ինքը անի, քան իր երեխաները։
«Հիմա դպրոցները 10 օրով փակում են, որ դպորցականները մասնակցեն բերքահավաքին, որը սխալ է։ Ես կարծում եմ, որ դաշտեր կարելի է երեխաներին տանել 20 տարեկանից հետո։ Ես ունեմ 15, 16 տարեկան երեխաներ նրանց դաշտ չեմ տարել։ Ես աշխատել եմ, տանջվել եմ, հերիք է, չեմ ուզում, որ նրանք էլ տանջվեն»,- ասում է Նաիրին։
Ծնողները սխալ են համարում, որ դպրոցները փակվում են, սակայն մի մասն էլ ասում է, որ իրենք դաշտեր են գնում և անհանգիստ են լինում երեխաների համար, արդյոք տուն եկել են, ճաշ կերել են, գազն անջատել են, դրա համար ճիշտ են համարում իրենց հետ դաշտ տանել։
«Իհարկե, ես ցանակում եմ, որ երեխաները կրթվեն, բայց նրանք նաև պետք է օգնեն ծնողներին, գումար են ուզում, եթե չաշխատեն, որտեղից գումար տա ծնողը»,- ասում է Յուրիկ Սահարյանը։
Յուրաքանչյուր մարդ, ով դաշտ է գնացել է, հիմա շատ վատ հիշողություններ ունի իր մանկության այդ հատվածից, երբ այլ բնակավայրերում ապրող իր հասակակիցները խաղացել են, երգի ու պարի հաճախել, իսկ ինքն ստիպված է դաշտում աշխատել։
«Մենք շատ փոքր ենք եղել, որ գնացել կարտոֆիլ ենք հավաքել, հիմա արդեն ծնող ենք դարձել և չենք ուզում, որ մեր երեխաները նույն ճանապարհով անցնեն, իրենք էլ չեն ուզում աշխատել։ Բայց կան ընտանիքներ, որ ստիպված են երեխաներին տանում աշխատելու, 10-12 տարեկան երեխաներ կան, որ տրակտոր են վարում։ Մեր դպրոցը մոտ 10 օր փակվում է, երեխաները գնում են կարտոֆիլ հավաքելու։ Ես 7 տարեկանից աշխատել եմ, սկզբից քիչ էինք հավաքում, կարծես ուղակի էինք անում, իսկ հետո արդեն այդ ուղակին դարձավ պարտադիր։ Հիմա ամեն ինչ փոխվել է, ծնողներն ամեն ինչ անում են, որ երեխաներին հնարավորինս քիչ ծանրաբեռնեն»,- ասում է Խավեթ գյուղի բնակիչ Անահիտ Սահարյանը։
Եսենյա Գիգոլյանը 10 տարեկանից դաշտ է գնացել, ինչպես ինքն է ասում, ինչ հիշում է դաշտերն է եղել։ Եսենյան ասում է, Խուլգումոյում նույնպես դպրոցը փակվում է, բայց 5 օրով։
«Իմ երեխան ինձ օգնում է արդեն մի քանի տարի, արդեն 10 տարեկանից հավաքում է կարտոֆիլ, երեք տարի է պարկեր է բարձում բեռնատարի վրա, ամեն հարցում օգնում է, ինչ անեմ ուրիշ ելք չունեմ»,- ասում է Եսենյան։
Ծնողները նորմալ չեն վերաբերվում իրենց իսկ կողմից երեխաներին դաշտեր տանելուն, բայց միևնույն ժամանակ, ինչպես իրենք են ասում՝ այլ տարբերակ չունեն։
Իրականաում դաշտի աշխատանքը դժվար է։ Հնարավոր է այն հեշտ է թվում միայն հեռվից նայողի համար, սակայն ով իր կայնքում գոնե մեկ անգամ աշխատել է դաշտում, գիտի թե ինչպիսի ծանր աշխատանք է այն։ Չնայած կարտոֆիլ մշակելը մեր օրերում բավականին հեշտացել է, և հիմնական աշխատանքը գյուղատնտեսական տեխնիկայի օգնությամբ է արվում, միևնույն է՝ այսօր էլ երեխաները շարունակում են իրենց կրթության հաշվին աշխատել։
Առաջներում երբ կարտոֆիլի ցողունը դուրս էր գալիս, հողը փխրեցնում էին, քաղհան և այլ աշխատանքներ անում։ Երեխաներն այնքան էին կռացած դաշտերում աշխատում, որ մեջքները արևից վառվում էր, ստիպված մածուն էին քսում, որ ցավը գոնե մի քիչ մեղմեն, ձեռքերին բշտեր էին առաջանում Հիմա արդեն այդ գործը տեխնիկան է անում։
Երեխաները սկսած 8 տարեկանից կարտոֆիլ են հավաքում, սկզբում կարծես ոչ ինտենսիվ, բայց տարիների ընթացքում այդ աշխատանքը նրանց համար «պարտադիր» է դառնում։