Մահացածներ ու վիրավորներ, մահացածների մարմինները Մարտակերտից դուրս բերելու փորձ և իրավիճակը շփման գծում սեպտեմբերի 20-ի առավոտյան՝ ներկայացնում ենք հրապարակված տեղեկատվության համառոտագրությունը, թե ինչ է կատարվում ԼՂ-ում։

Ժամը 22:30-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում 27 զոհ կա, այդ թվում՝ երկու խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ վկայակոչելով դիահերձարաններից ստացված տեղեկությունները։

Ստեփանյանի տվյալներով, այս պահին վիրավորների քանակը կազմում է 200։

Օմբութսմենն ընդգծում է, որ թվերը չեն ներառում Մարտակերտի և Մարտունիի բժշկական հաստատությունների տվյալները, քանի որ նրանց հետ կապ հաստատվել չի հաջողվում։

Ժամը 5:00-ի սահմաններում Ստեփանակերտի դիահերձարանից 8 մահացածների դիակ դուրս բերած ավտոմեքենայի վրա ադրբեջանական զինուժը գնդակոծել է։ Մեքենայի վարորդը վիրավորվել է և չի կարողացել դիերը տեղափոխել Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է Գեղամ Ստեփանյանը։

ԼՂՀ ՊԲ-ից ժամը 9:00-ին հայտնում են, որ շփման գծում մարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։

«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ուղեկցելով նրանց տարբեր տեսակի զինատեսակներից կրակով։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական գործողություններով համառորեն դիմադրում են ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներին՝ կորուստներ պատճառելով հակառակորդին»,- ասված է հաղորդագրությունում։