Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի տարբեր հատվածներում։ Ստեփանակերտում օդային տագնապ է։ Այս մասին հայտնում է «ՍիվիլՆեթ»-ի արցախյան թիմը։
Ըստ նրանց՝ քաղաքում լսվում են հրետանու ձայներ, սակայն հայտնի չէ, թե որ ուղղությամբ են կրակոցները։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Արցախում զանգվածային հրետակոծություն է սկսվել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ղարաբաղում սկսել է տեղային բնույթի հակաահաբեկչական գործողություններ՝ Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ ձեռնարկված գործողությունների մասին տեղեկություններ են հաղորդվել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարական կազմին, ինչպես նաև ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնին:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան, ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, թե իբր դիվերսիոն գործողություններ է իրականացրել, որի հետևանքով տեղի ունեցած 2 տարբեր պայթյուններից 6 ադրբեջանցի է զոհվել։ Արցախի պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիոն ներթափանցում անելու մասին Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը։