Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրություններն մասնակցող 14 քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ընտրողների ձայների մեծամասնությունը: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է 13 կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի ստացած ձայները:

  • «Հանրային ձայն» կուսակցություն- 22 431 ձայն կամ 9.68%
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 75 463 ձայն կամ 32.57%
  • «Արդար Հայաստան» կուսակցություն-2595 ձայն կամ 1.12%
  • «Հաղթանակ» կուսակցություն-3959 ձայն կամ 1.71%
  • «Ուժը հայրենյաց» կուսակցություն-1706 ձայն կամ 0.74%
  • «Հայաստանի եվրոպական կուսակցություն- 2572 ձայն կամ 1.11%
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն-43 765 ձայն կամ 18․89%
  • «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-780 ձայն կամ 0.34%
  • «Հանրապետություն» կուսակցություն-26236 ձայն կամ 11.32%
  • «Միացյալ Հայաստան» կուսակցություն -1282 ձայն կամ 0.55%
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-4174 ձայն կամ 1.80%
  • «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-2348 ձայն կամ 1.01%
  • «Ապրելու երկիր» կուսակցություն-8425 ձայն կամ 3.64%
  • «Մայր Հայաստան» դաշինք- 35 739 ձայն կամ 15.43%:

    Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է 66 քաղաքացի:
    Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 824 316, որից քվեարկությանը մասնակցել է 234 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։ Անվավեր է ճանաչվել 2763 քվեաթերթիկ: Անճշտությունների թիվը՝ 195 է:
    Երեկ ժամը 21:00-ին ԿԸՀ-ն հրապարակել էր 28.46% ընտրողների մասնակցություն: Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ 28.44%-ը արձանագրությունների հիման վրա ճշգրտված թիվն է: Նշենք, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%: Այսպիսով նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը:

    Ներկայացվածը նախնական արդյունքներ են: Այսօրվանից սկսվելու է նաև վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացը, և չի բացառվում, որ որոշ ընտրատեղամասերում իրականացվեն վերահաշվարկներ, ինչը կարող է ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա: