«Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
«ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ Անցակետում իրականացվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, կահավորման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։
«Ռոսգրանստրոյը» քաղաքացիներին հորդորում է պլանավորել ժամանակը՝ Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս։ Անհարմարությունները ժամանակավոր են, և վերակառուցման ավարտից հետո սահմանն անցնելն ավելի արագ և հարմարավետ կդառնա»,-նշված է հաղորդագրությունում։
Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետի վերակառուցումն ավարտական փուլում է գտնվում։ Կառուցվել են ավելի քան 40 կառույցներ և շինություններ։ Երթևեկության գոտիների թիվը հասցվել է 39-ի։ Սահմանային անցակետի թողունակությունը զգալիորեն ավելացել է և փաստացի հասել օրական ավելի քան 3 հազար մեքենայի։
Ներկա պահին անցակետում կատարվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ, որում ներգրավված է 170 մարդ և 20 միավոր տեխնիկա։