Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ընթացիկ տարվա պետբյուջեում ճշգրտումներ են արվել և բյուջեի միջոցներն ավելացվել են ավելի քան 500 մլն լարիով։
Այս մասին Ղարիբավշիլին հայտարարել է կառավարության նիստում։
Նրա խոսքով, ավելացված բյուջեն ուղղված է լինելու աշխատավարձերի բարձրացմանը, արդեն իսկ սկսված ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաև առողջապահության, կրթության, տնտեսության և այլ ոլորտներին։
Ինչպես պարզաբանել է Ղարիբաշվիլին, ճշգրտված բյուջեն կներկայացվի խորհրդարանին։
«Գիտեք, որ այս տարվա բյուջեն բավականին պահպանողական ենք ծրագրել, այն նախատեսված է եղել 5 տոկոս տնտեսական աճի համար։ Բայց մեր քաղաքականության և բարձր տնտեսական աճի արդյունքում բյուջեում փոփոխություններ ենք անում, և այս տարվա բյուջեն կավելանա 500 մլն լարիով։ Այստեղ ուզում եմ բոլորին հիշեցնել, որ արդեն երրորդ տարին է, ինչ փոխում ու ավելացնում ենք նախատեսված բյուջեն։ Դա տեղի ունեցավ 2021 թվականին, մենք կրկնապատկեցինք բյուջեն, ինչպես անցյալ տարի՝ 2022 թվականին, իսկ այս տարի բյուջեն ավելանում է ավելի քան 500 միլիոն լարիով»,- նշել է Ղարիբաշվիլին։