Վերջին շրջանում ամեն օր դաշտերից ծուխ է բարձրանում, որից կարելի է ենթադրել, որ Ջավախքում ավարտվել է ցորենի և գարու բերքահավաքը։ Բանն այն է, որ գյուղացին դաշտում այրում է հացահավաքից հետո առաջացած ծղոտը։ Գյուղացին ծղոտն այրում է, որովհետև այս տարի խոտը շատ է։ Ի՞նչ անել ծղոտը, թողնե՞լ դաշտում, վառե՞լ, թե՞․․․
Շատերը տեսնելով կրակը և վախենալով, որ այն բնակելի տներին կհասնի անմիջապըս հրշեջ ծառայություն են զանգում։ Հրշեջ ծառայությունն օրական բազմաթիվ զանգեր է ստանում շրջանի տարբեր գյուղերի բնակիչներից։ Փրկարարները նույնիսկ չեն հասցնում արձագանքել բոլոր զանգերին։
Վրաստանում ընդունված օրենքի համաձայն՝ արգելվում է այրել ծղոտը, այն էլոլոգիային վնաս է։ Իսկ գյուղացին պետք է դաշտը մաքրի։ Բայց գյուղացին ծղոտը չվառելու տարբերակ չունի։ Եթե նույնիսկ ցանկություն ու միջոցներ ունենա ծղոտը դաշտից հանելու, ապա այն տանելու տեղ չունի։
Հատկապես ցորենի ծղոտը դաշտում թողնել չի լինի, այն դժվար է տարրալուծվում հողի հետ։
«Ծղոտը շատ լավ է, վարելուց հետո հողը փափուկ կմնա, բայց եթե այն շատ է, այդ ժամանակ չենք կարող դաշտում թողնել, անգամ գութանը չի խրվի հողի մեջ։ Գյուղացին շատ լավ հասկանում է, որ չի կարելի այրել, բայց ուրիշ ելք չունի, գիտենք, որ այրելուց վնասում ենք նաև հողի արտաքին շերտը, ինչը հետագայում ազդում է բերքատվության վրա, բայց տարբերակ չունենք», – ասում է Մանուշակը (անունը փոխված է)։
Մասնագետներն ասում են, որ ծղոտը շատ կարևոր է որպես անասնակեր: Այն անասունների համար անփոխարինելի կեր է։ Օգնում է բարձրացնել մսի որակը և սերմնարդադրությունը։
Ծղոտն օգտագործում են որպես ցամքար (ծղոտի, տորֆի, թեփի և այլ նյութերի շերտ, որն օգտագործվում է կենդանիների համար փափուկ, չոր, մաքուր և հարմար պառկելատեղ ստեղծելու համար) և անասնակեր, ինչպես նաև թղթի արտադրության մեջ:
Ի՞նչ անել ծղոտը, որպեսզի չտուգանեն, Վրաստանում այս հարցը բաց է մնում։
Հետաքրքրական է, երբ համացանցում փորձեցինք փնտել թե ի՞նչ կարելի է ստանալ ծղոտից, պարզվեց, որ մարդիկ Հայաստանում նույնիսկ տուն են կառուցել, այն օգտագործելով որպես շինանյութ։ Իսկ օրինակ Ուկրաինայում այն օգտագործում են որպես վառելանյութ։ Եվրոպական երկրներում ծղոտն այրում են հատուկ ջերմաէլեկտրակայաններում։ Որպես կանոն, ծղոտից այրված գոլորշու արտադրությունը օգտագործվում է այն ընկերությունների կողմից, որոնք գոլորշու կարիք ունեն սեփական արտադրության համար: Դանիայում այս տեխնոլոգիան կիրառվում է արդեն 20 տարի։ «Կանաչ էներգիա» արտահայտությունը լսելիս մարդիկ մտածում են հողմային կամ արևային էլեկտրակայանների մասին, սակայն այս կատեգորիային են պատկանում նաև ծղոտից աշխատող ջերմաէլեկտրակայանները:
Զգուշացում․ Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին մասի հիման վրա՝ հրդեհային անվտանգության կանոնների և պայմանների տեխնիկական կանոնակարգի պահանջները խախտելը կամ չկատարելը հանգեցնում է տուգանքի՝ 500 լարիի չափով: