Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտն(IDFI) իրականացնում է ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժնի կողմից ֆինանսավորվող՝ «Ազգային փոքրամասնությունների շրջանում ապատեղեկատվության դեմ պայքարի խոչընդոտների հաղթահարում» ծրագիրը, որն Ախալքալաքի մունիցիպալիտետում կմեկնարկի հոկտեմբեր ամսին։

Նախագծի մենեջեր Անտոն Վաճարաձեի խոսքով, մասնակցության համար որևէ տարիքային սահմանափակում չկա, սակայն հեղինակների նպատակն է, ավելի շատ հանդիպումներ անցկացնել երիտասարդների շրջանում։

«Դեռ կոնկրետ ակտիվություններ չենք իրականացրել, սակայն ակտիվիստներին, թրեյներներին արդեն առցանց վերապատրաստել ենք։ Ինչպես նաև նկարահանել ենք տեղեկատվական տեսահոլովակ։ Հոկտեմբեր ամսից պատրաստվում ենք շրջաններում անցկացնել թրեյնինգներ։ Տեղացի երիտասարդների հետ հանդիպումներ, քննարկումներ կլինեն այն մասին, թե ինչպիսին է ապատեղեկատվությունը ՆԱՏՕ-ի հետ կապված,  և այս ամենի մեջ ակտիվ ներգրավված կլինի թրեյներ Գոհար Աղջոյանը, իհարկե, մենք ևս կլինենք», – ասում ե Անտոն Վաճարաձեն։

Նախագիծը կտևի մինչև դեկտեմբերի վերջ, հանդիպումները կանցկացվեն մի քանի օր, հնարավոր է մինչև 4 օր։

Ծրագրի նպատակներն են՝

  • Վրաստանի գյուղական շրջաններում ապրող էթնիկ փոքրամասնությունների համայնքներում ՆԱՏՕ-ի դեմ վերաբերմունքի և գիտելիքների պակասի վերացում։
  • Պայքար հասարակության կողմից լքվածության զգացման դեմ և ծանոթություն այն առավելություններին, որոնք ստանում է Վրաստանը ՆԱՏՕ-ից։
  • Ապատեղեկատվության դեմ դիմակայունության խթանում էթնիկ փոքրամասնությունների համայնքներում, ՆԱՏՕ-ի և Վրաստանում նրա առաքելության մասին իրազեկվածության բարձրացում:

«Ցանկանում ենք երիտասարդների հետ խոսել տարածվող ապատեղեկատվությունների մասին, ինչը կարող է պայմանավորված լինել լեզվական խոչընդոտով, քանի որ նրանք հիմնականում տեղեկատվություն են ստանում ռուսական լրատվամիջոցներից,  ոչ թե վրացական կամ եվրոպական: Ծրագիրը նպատակ ունի պայքարել այս խոչընդոտների դեմ՝ օգտագործելով սեմինարներ, սոցիալական լրատվամիջոցների արշավներ և տեղական լրատվամիջոցներին՝ ՆԱՏՕ-ի մասին ճիշտ տեղեկատվություն տարածելու համար, ինչպես այս ծրագրի շրջանակներում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», – ավելացրեց ծրագրի մենեջերը: