Ախալքալաքի մունիցիպալիտետի 19 գյուղում, ջեռուցման սեզոնին, տները բնական գազով տաքացնելու հնարավորություն չկա։ Մունիցիպալիտետում, ըստ SJGC գազաբաշխիչ ընկերության տվյալների, գազաֆիկացվել է 43 գյուղ, գազ չունի 19 գյուղ։ Մնացած երկու գյուղերը ներկայումս գազաֆիկացվում են «Սոկար» ընկերության կողմից։
Ախալքալաքի գազաֆիկացման սկզբում շատերը շարունակում էին իրենց տները փայտով ջեռուցել, տեղ-տեղ՝ աթարով։ Սակայն վերջին տարիներին բնակչության շրջանում աճել է գազով ջեռուցման համակարգերի պահանջարկը։
«Վերջին տարիներին ավելի շատ բնական գազ է օգտագործվում ջեռուցման համար, քանի որ ձմռանը գազի սպառումը 4 անգամ ավելանում է, գյուղեր կան, որ 80 տոկոսով անցել են գազով ջեռուցման, կան գյուղեր, որոնք գազը ջեռուցման համար օգտագործում են 30-40 տոկոսով, հիմնականում՝ դրանք հեռավոր գյուղերն են»,- ասաց SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը։
Մոդեգամ, Գոգաշեն, Ափնիա, Քարսեփ, Ազմանա, Հոկամ, Էրինջա, Դավնիա, Խավեթ, Դադեշ, Սուլդա, Բոզալի, Ֆիլիպովկա, Կարծախ, Թախչա, Աբուլ, Բուզավեթ, Փոքր Սամսար և Մեծ Սամսար գյուղերում ընդհանրապես ընտրության հնարավորություն չկա, քանի որ դրանք գազաֆիկացված չեն։ Այս գյուղերում բնակչությունը տները տաքացնում է փայտով, տեղ-տեղ՝ նաև աթարով։
Այս տարի մունիցիպալիտետում դեռ չի սկսվել վառելափայտի վաճառքը, գինը դեռ հայտնի չէ։ Բայց համեմատելով վառելափայտի և բնական գազի գները՝ բնակչության մեծ մասը նախընտրում է տունը ջեռուցել գազով։
«10 օր առաջ միայն մեկ բնակչի բակում եմ վառելափայտ տեսել, երևի ամբողջ գյուղում միայն 10 ընտանիք է վառելափայտ գնել, դա էլ ծանոթների միջոցով, քանի որ դեռ ոչ ոք վառելափայտ չի վաճառում և չգիտենք, թե որքան կարժենա»,- ասաց Սուլդա գյուղի բնակիչ Զարզանդ Կուջոյանը, որտեղ բնական գազ չկա։
Սուլդա գյուղի բնակիչները բազմիցս դիմել են իշխանություններին և գազաբաշխիչ ընկերությանը, իրենց գյուղը գազաֆիկացնելու խնդրանքով, և ամեն անգամ մերժում են ստացել։
Ախալքալաքի մունիցիպալիտետում միջին ընտանիքի համար փայտով ջեռուցման սեզոնն արժենում է մոտ 2000 լարի։