Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

«Ինչպես նախապես հայտարարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով», – հայտնում է Արցախի տեղեկատվական շտապը:

Անցած շաբաթվա վերջին Արցախի իշխանությունները որոշեցին թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Սրան հետևեց ադրբեջանական արձագանքը, թե ռուսականի բեռի մուտքը Ստեփանակերտ առանձին պայմանավորվածություն է, չշփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ: