Սեպտեմբերի 3-ին, Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղում ուժեղ կարկուտ է տեղացել։ 15-ից 20 րոպե տևած 3-4 սմ տրամագծով կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացիների այգիներն ու ցանքատարածությունները, ինչպես նաև վնասել է տների տանիքներ ու մեքենաներ։ Ախալքալաքի քաղաքապետարանում հաշվարկում են վնասի չափը, որպեսզի համապատասխան աջակցություն տրամադրեն բնակչությանը։
Ուժեղ կարկուտի հասցրած վնասները դեռևս դժվար է գնահատել։ Jnews-ը խոսել է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ, ով իր հերթին նշեց, որ շրջանում կարկուտից տուժած միակ գյուղը Խավեթն է։
«Խավեթից այս պահին ստացել ենք 6 դիմում, կապված տանիքների վնասման հետ, այսօրվա դրությամբ հայտերի ընդունումը շարունակվում է, երբ արդեն դիմումները ստանանք, աշխատանքային անձնակազմ կգնա տեղում գնահատելու մարդկանց կրած վնասը և ըստ այդմ էլկվորոշվի փոխհատուցման հարցը», – ասում է Մեքոն Մակարյանը:
Նշենք, որ խավեթցիների խոսքով՝ նման չափի կարկուտ նրանք գյուղում չեն հիշում, որ տեղացած լիներ վերջին տարիներին: