Արցախից Հայաստան եկող երեք երիտասարդները, որոնք այսօր՝ օգոստոսի 28-ի առավոտյան առևանգվել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղադրված ադրբեջանական անցակետից, Ադրբեջանը մեղադրում է «պետական դրոշի նկատմամբ» վիրավորական գործողությունների մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի դատախազությունը։
Ադրբեջանի դատախազությունը նշում է, որ երկու հոդվածներով հարուցվել էին քրեական գործեր՝ «ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից» և «Ադրբեջանի պետական դրոշի կամ պետական զինանշանի նկատմամբ անարգանք»։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի քաղաքացիներ՝ 2001 թվականին ծնված Ալեն Սարգսյանի, 2003 թվականին ծնված Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում ու դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
«Հարցաքննության ընթացքում նրանք խոստովանել են, որ կատարել են այդ արարքը և հայտարարել, որ անկեղծորեն զղջում են ու ապագայում նման գործողություններ չեն կատարի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ «հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և նրանց անկեղծ զղջումը անկեղծ խոստովանությամբ <...> նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»։
Դատախազությունը հավելում է, որ երիտասարդների նկատմամբ «կիրառվել է 10 օրով վարչական ձերբակալություն», որի ավարտից հետո «նրանք կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։