Ինքնասպանություն Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացի 22-ամյա աղջկա դի։ Ինքնասպանության հասցնելու հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Jnews-ը պարզել է, որ մահացածը ծնունդով Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղից է, վերջին տարիներին ընտանիքով տեղափոխվել և ապրում էին Ախալքալաքի նախկին զինվորական առաջին ավանում։

Jnews-ի տեղեկություններով, 22-ամյա Մ․Ն․-ն ուսանող էր։ Համագյուղացիները մեզ հետ զրույցում փաստեցին, որ ինքնասպանություն գործած աղջիկն աչքի է ընկել իր համեստությամբ ու հավասարակշռությամբ, քչախոս է եղել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օգոստոսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։