Ավելի մատչելի դառնալու փոխարեն Ախալքալաքի և Վրաստանի այլ շրջանների միջև ավտոմոբիլային հաղորդակցությունն ավելի է դժվարանում։ Ախալքալաքից Բաթումի հասնելու համար անհրաժեշտ է 8 ժամ, էլ պետք չէ խոսել այն մասին, որ համապատասխան տրանսպորտը՝ ավտոկայանի երթուղային միկրոավտոբուսները, շարժվում են հանգստացողների համար շատ անհարմար ժամանակացույցով։
Այս տարի Ախալքալաք-Բաթումի երթուղային միկրոավտոբուսները մեկնում են ժամը 10-ին, ինչը նշանակում է, որ հանգստացողը Բաթումի կհասնի ժամը 18:00-ի սահմաններում։ Միաժամանակ ճանապարհին միշտ խցանումներ են լինում, իսկ երթուղայինները օդորակիչ չունեն, ինչն էլ ավելի անտանելի է դարձնում ճանապարհորդությունը։
«Մենք գնացել ենք երթուղայինով, վարորդները շատ լավն են, ուշադիր են, բայց մեքենաները սարսափելի են, հին, հարմարություններ չկան: Վաղ առավոտյան դուրս եկանք, քանի որ մեքենան լիքն էր, իսկ ճանապարհը նորմալ էր, բայց հետդարձինը՝ ոչ »,- ասում է Ախալքալաքի բնակիչներից մեկը, ով ընտանիքի հետ հանգստացել է Բաթումիում։
Բաթումիից հետ են վերադառնում Ախալքալաք նաև ժամը 12-13.00-ին, և այդ պատճառով օրվա ամենաշոգ հատվածն ընկնում է ճանապարհին, իսկ խցանումները ավելի են բարդացնում այն։ Միակողմանի ուղետոմսն արժե 40 լարի։
Բաթումի հասնելու մեկ այլ հնարավորություն է մասնավոր տաքսի վարձելը, որը կարող է տեղավորել 7 ուղևոր: Տվյալ մեքենաները մի ուղղությամբ 400-450 լարի են պահանջում, ոչ պարբերաբար են երթևեկում ու այլ ուղևորներ չեն փնտրում, եթե երկու-երեք հոգով լինեք, ապա միևնույն է ամբողջ մեքենայի համար պետք է վճարեք, կամ ինքներդ փնտրեք այլ ուղևորներ։
Ախալքալաքից Բաթումի ճանապարհը Խուլոյի հատվածով կարող է կրճատել ավելի կարճ երթուղին, սակայն այս ճանապարհը անօգտագործելի է և հիմա այն վերանորոգվում է։ Վրաստանի հարավային հատվածը երկար տարիներ սպասում էր այս ճանապարհի վերականգնմանը։ Ախալքալաքից Բաթումի հեռավորությունը Իմերեթիով (Քութաիսի) 391 կմ է, իսկ Խուլոյով ճանապարհը համեմատաբար կարճ է՝ 234 կմ։
Ինչպես նշված է Վրաստանի Ճանապարհային վարչության հաղորդագրության մեջ, ճանապարհի աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2024 թվականին։
«Խուլո-Զարզմա ճանապարհի շինարարության մրցույթը հայտարարվել է 2017 թվականին, իսկ աշխատանքները սկսվել են 2018 թվականին: Պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով շինարարական ընկերության հետ պայմանագիրը խզվել է, ուստի աշխատանքները վերսկսվել են 2021 թվականի սկզբին նոր կապալառուի կողմից (…)
Լեռնային շրջանին բնորոշ կլիմայական խիստ պայմանները սահմանափակում են աշխատանքների կատարումը համապատասխան տեմպերով։ Ներկայումս ճանապարհի ընդհանուր 42 կմ-ի վերանորոգման և վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքը բաժանված է երկու մասի: Առաջին և երկրորդ հատվածներում այս պահին արդեն ավարտական փուլում է հողային աշխատանքների, հենապատերի և ջրային կառույցների կազմակերպումը։ Զուգահեռաբար ընթացքի մեջ է 4 նոր կամրջային անցումների կառուցումը։ Այս փուլում առաջին հատվածի աշխատանքների 40%-ն ավարտված է, իսկ երկրորդ հատվածի՝ 70%-ը։
Ճանապարհի մի հատվածի շինարարությունը կավարտվի 2023 թվականին, իսկ երկրորդ հատվածի շինարարությունը փուլ առ փուլ կավարտվի 2024 թվականին:
Բացի այդ, բարդ ռելիեֆի և երկրաբանական պայմանների պատճառով 17 տարածքներում սողանքներ են զարգացել։ Այս ուղղություններն ինտենսիվ ուսումնասիրվում են, մշակվում են նախագծային լուծումներ։ Արդեն 8 սողանքային տեղամասերում շինարարության մրցույթ է հայտարարվել։
Մինչև ծրագրի ավարտը գործող ճանապարհին պարբերաբար իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ավտոմոբիլային տրանսպորտի անցանելիությունն ապահովելու համար»,- ասվում է Վարչության հաղորդագրության մեջ։
Ճանապարհային վարչության մամուլի քարտուղարը Jnews-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ սա ակտուալ տեղեկատվություն է։
Խուլո-Զարզմա վերանորոգված ճանապարհն ամենակարճ ճանապարհով կկապի Սամցխե-Ջավախքի և Աջարիայի շրջանները։ Ճանապարհի 42 կիլոմետրանոց հատվածում վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ են իրականացվում։ Նախագծի շրջանակներում ավարտին կհասցվեն ասֆալտբետոնե ծածկի 2 գոտիները: Ճանապարհների վերանորոգման աշխատանքները ֆինանսավորվում են Քուվեյթի հիմնադրամի կողմից։ Աշխատանքների արժեքը կազմում է 95 689 302 լարի։