Հունիսից մեկնարկել են Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի կառուցման աշխատանքները, որին զուգահեռ այլընտրանաքային ճանապարհ է կառուցվում, որպեսզի նշված գյուղերի բնակիչները հնարավորություն ունենան քաղաք և հարևան գյուղեր հասնելու։
Ճանապարհի հարթեցման, ջրահեռացման և սողանքային հատվածների քարալցման աշխատանքներն այժմ ավարտական փուլում են և շուտով արդեն կսկսվեն ճանապարհի բետոնապատման աշխատանքները: Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի կառուցման աշխատանքները կիրականացնի «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը։
Խավեթը լինելով սահմանամերձ գյուղ այս ճանապարհը միակն է, որը գյուղը կապում է քաղաքի հետ։ Այդ իսկ պատճառով, որպեսզի գյուղը չհայտնվի մեկուսացման մեջ ճանապարհի կառուցման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև Խավեթից դեպի Կարծախ այլընտրանքային ճանապարհի հարթեցման աշխատանքներ:
Այլընտանքային ճանապարհը կանցնի Խավեթի դաշտերի միջով, ապա կբարձրանա դեպի սարի գագաթը, այնուհետև կմիանա Թուրքիայի անցակետ տանող ճանապարհին, իսկ Դավնիայի և Էրինջայի դեպքում այն կանցնի կառուցվող ճանապարհին զուգահեռ անցնող հողային ճանապարհով:
Jnews-ը կապ է հաստատել Խավեթ գյուղի տարածքից ընտված Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավոր Հրաչ Մովսեսյանի հետ։
«Խավեթից դեպի Կարծախ այլընտրանկային ճանապարհի այլընտրանքային ճանապարհների հարթեցման աշխատանքներն ընթացքի մեջ են, որպեսի գյուղացիները առանց խոչընդոտ կարողանան երթևեկել մինչև ավարտվեն գլխավոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Այլընտրանքային ճանապարհ կունենան նաև Դավնիա և Էրինջա գյուղերը: Գլխավոր ճանապարհի բետոնապատման աշխատանքները շուտով կսկսվեն, թե կոնկրետ որ օրվանից, հստակ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում սեպտեմբերին ճանապարհը փակ կլինի», – ասաց Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Հրաչ Մովսեսյանը:
Նշենք, որ կառուցվող ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 5 կմ 500 մ, որի ընդահուր արժեքը կազմում է 2 մլն 619 հազար 220 լարի։ Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ-Դավնիա-Էրինջա գյուղերի ճանապարհի բետոնապատման համար հատկացվել է 500 հազար լարի, որից 200 հազարը հատկացրել է բարձրալեռնային հիմնադրամը, իսկ 300 հազարը` տեղական բյուջեն: