Ախալքալաքի Մաշտոցի փողոցում ուժեղ քամին ծառ է տապալել, որն ընկել է ավտոմեքենայի վրա՝ փակելով փողոցը։

Ախալքալաքում մոտ 10-15 րոպե՝ ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ուժեղ քամի է եղել։ Մաշտոցի փողոցում քամին պոկել է ծառը, այն ընկել է գետնին՝ վնասելով այս փողոցի բնակիչներից մեկի ավտոմեքենան։ Տարերքի պատճառով մարդիկ չեն տուժել: Վնասվել են նաև էլեկտրական լարերը։ Թե ինչ վնաս է հասցվել մեքենային, հայտնի չէ։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները։

Մունիցիպալիտետի ողջ տարածքում եւս քամին վնասներ է հասցրել՝ վնասելով էլեկտրական և այլ լարերը։ Jnews-ի փոխանցմամբ՝ Հոկամ, Վաչիան եւ Կաջո գյուղերում էլեկտրամատակարարումը դադարեցված է էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով։

Այս պահին Jnews-ը տիրապետում է միայն այս տեղեկատվությանը, սակայն հնարավոր է, որ ավելի շատ վնասներ և տուժածներ լինեն։