Ախալքալաքի մունիցիպալիտետի փոքրիկ Մոդեգամ գյուղը դատարկվում է։ Վատ ճանապարհները, գազի, խանութների բացակայությունը և շատ այլ հանգամանքներ ստիպում են երիտասարդներին լքել գյուղը, իսկ ավագ սերունդը կորցրել է հույսը:
Օգոստոսի 9-ին, Jnews-ը, իր վերջին այցից գրեթե 1,5 տարի անց, կրկին այցելեց Ախալքալաքի շրջանի Մոդեգամ գյուղ։ Գյուղը բարեկեցիկ տեսնելու ակնկալիք չունեինք, բայց այս անգամ հանդիպեցինք հույսը կորցրած գյուղացիներին։ Մենք նրանց մեջ չնկատեցինք այն լավատեսությունը, ինչը վերջին այցի ժամանակ նկատել էինք։
Մոդեգամ գյուղում ապրում է 32 ընտանիք, հիմնականում տարեցներ։ Գյուղում ընդամենը 2-3 երիտասարդ ընտանիք կա։
«Մեր գյուղում միայն խնդիրներ են: Գազ չկա, ճանապարհ չկա, մեր ջրի աղբյուրների վրա 4 բինա կա (քոչվոր հովիվների բնակավայրեր, ոչխարների հոտերով): Երիտասարդները, ովքեր գնում են, այլևս չեն վերադառնում: Հնարավորություն ունենայի այսօրվանից կհեռանայի գյուղից: Իշխանության ներկայացուցիչները մեզ մոտ գալիս են միայն ընտրությունների ժամանակ»,- ասում է Մարտին Չախալյանը։
Գյուղում չեն հիշում, թե վերջին հարսանիքը երբ է եղել: Գյուղական դպրոցն ութամյա է, ունի ընդամենը 5 աշակերտ և 8 ուսուցիչ։
Ձմռանը ճանապարհը հաճախ է ձյունը փակում, սակայն բնակիչներն արդեն սովոր են դրան։ Նրանք երազում են բնական գազի մասին։ Քաղաքապետի ներկայացուցիչ Գարիկ Չախալյանի խոսքով, եթե գյուղում բնական գազ լիներ, միգրացիան հնարավորիս կնվազեր:
Գյուղը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Բնակիչները դժգոհում են, որ պանիր արտադրողները դադարել են կաթ գնել, նրանք չգիտեն, ինչ անել կաթի հետ:
Գարիկ Չախալյանն ունի 6 կով: Նա կարծում է, որ արտադրողների կողմից կաթից հրաժարվելու պատճառը կաթի փոշին է։
«Պանիրը պատրաստում ենք ու պահում տակառներում, արդեն մեկ տարի է, ինչ կաթ գնողները չեն գալիս, գյուղը հեռու է, ճանապարհը՝ վատը: Տեսնենք՝ ինչ ենք անելու, գնորդների ենք սպասում»,- ասում է Գարիկ Չախալյանը։
Մեխակ Նահապետյանը, երբ մեզ տեսավ, զարմացավ, որ իրենց գյուղ անծանոթ մարդիկ են եկել։ Նա պահում է 4 կով։
«Մենք մեր հույսը կտրել ենք, ասում եմ մեզ մի շիշ ջուր բերեք, 1 լիտր կաթ տարեք: Պատկերացնում եք, սովորական ջուրն ավելի թանկ արժե, քան կաթը, մեր վիճակը շատ ծանր է, հենց փոշին դուրս եկավ, դադարեցին մեզանից կաթ գնել»,- ասում է Մեխակ Նահապետյանը։
Մունիցիպալիտետի հյուսիսային մասում գտնվող փոքրիկ, հեռավոր գյուղը դատարկվում է, բնակիչները չեն ափսոսում, որ թողնում են իրենց տները, քանի որ ուզում են գոնե տարրական պայմաններ ունենալ։