Ենթակառուցվածքային աշխատանքների տենդեր-մրցույթների և այլ պետական գնումների սակարկման արդյունքում Ախալքալաքի շրջանը 2016 թ.-ին խնայել է 724 907 լարի: Տնտեսված գումարները կրկին կուղղվեն տարածաշրջանի ենթակառուցվածքային զարգացմանը:
Ախալքալաքի շրջանը 2016 թ.-ին անցկացրել է շինարարական աշխատանքների, ինժեներական ծառայությունների և տարբեր պետական գնումների մոտ 80 տենդեր-մրցույթ: Տնտեսված գումարներից 141 861,59 լարի “Օգնություն գյուղին” (ՕԳԾ) ծրագրով, 514 604 լարի տեղի բյուջեի կողմից ֆինանսավորվող աշխատանքների, իսկ 68 442 լարի կենտրոնական բյուջեի կողմից ֆինանսավորվող աշխատանքների տենդեր-մրցույթներից են: Տարվա ընթացքում կային տենդերներ, որոնցից խնայումներ չեն եղել և կային տենդերներ, որոնց գումարը կրճատվել է ավելի քան 20% -ով:
Ախալքալաքի վարչությունը Շրջանային ժողովի (սակրեբուլո) հետ համաձայնեցված որոշել է խնայված 514,604 լարին ծախսել այլ աշխատանքների վրա: Այս գումարը հիմնականում կհատկացվի այն գործերին, որոնք ի սկզբանե գնահատված էին ավելի էժան, իսկ հաշվարկների կազմման ժամանակ պարզվել է, որ իրականացման համար ֆինանսական միջոցները պետք է լինեն ավելին:
Օրինակ, Ախալքալաքի Մշակույթի տան ջեռուցման համակարգի անցկացման համար ըստ նախնական հաշվարկների հատկացվել էր 150 000 լարի, բայց նախագծողի կողմից հաշվարկների կազմումից հետո պահանջվող գումարը կազմել է 194 000 լարի: Հատկացված գումարների անբավարարությունը շրջանի ղեկավարությունը մտադիր է լրացնել տենդեր-մրցույթների խնայողությունների գումարներից: Կարծախ գյուղում մանկապարտեզի կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների անհրաժեշտ էր 250 000 լարի, բայց հետո հաշվարկները կազմելուց հետո պարզվեց, որ հարկավոր է 284 000 լարի:
«Փոխեցին տեղը, որտեղ նախկինում պատրաստվում էին կառուցել մանկապարտեզը: Տեղը, որը առաջարկում էին պատգամավորը և լիազորը, անհարմար է և մոտ է գլխավոր մայրուղուն: Իսկ տեղը, որ մենք հետագայում ընտրեցինք պահանջում է լրացուցիչ ծախսեր տեղանքի պատճառով», – ասում է Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքային ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը:
Նման իրավիճակ ստեղծվեց Դիլիսկա գյուղի մանկապարտեզի լրացուցիչ շենքի շինարարության նախագծի ժամանակ: Այնտեղ հաշվառված չէին շենքի տանիքի կառուցման տեխնիկական ասպեկտները: Նախագծողի կողմից հաշվարկները գնահատելուց հետո նախագծի իրագործման ծախսերի գումարը աճել է 35 000-ից մինչ 64 000 լարի:
Խնայված գումարներից կավելացնեն նաև Ալաստան գյուղի ջրամբարի շինարարության գումարը, որի տարածքը կզբաղեցնի 15 հա հողատարածք: Ջրամբարի խորությունն է 3 մ: Ըստ նախահաշվարկների, ծախսերի համար հատկացվել են 750 000 լարի, բայց բյուջետավորումից հետո գումարը ավելացել է մինչ 1,280,330 լարի:
Խնայված միջոցներից կիրականացվեն նաև նոր ծրագրեր, ըստ Ալբերտ Նահատակյանի, գյուղերում կկառուցվեն մի քանի մինի մարզադաշտներ: Դեռ ոչ բոլոր աշխատանքներն են որոշված, որոնք պետք է իրականացվեն խնայված գումարներով: Այս գումարներից կհատկացվեն նաև Ախալքալաքում «Խաս Բաղչա» կենտրոնական զբոսայգում նոր ատրակցիոնների ծախսերի համար, իսկ հին ճոճանակների տակ կպատրաստվեն ռետինե ծածկույթներ երեխաների անվտանգության համար:
Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքային ծառայության պետ Ալբերտ Նահատակյանի հնարավոր է ավելացվեն Ախալքալաքի բարձրահարկ տների ճակատամասերը վերանորոգելու գումարը: Որի աշխատանքները ընթացքի մեջ են: Դրա համար հատկացվել էր 100 000 լարի:
Նրանց խնայողություններից նաև գումար կավելացվի հայկական «Սուրբ Խաչ» եկեղեցու բակի վերանորոգման համար, Հոկամ գյուղի վրացական եկեղեցու շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու համար, Ախալքալաքի վրացական եկեղեցու համար, որտեղ ցանկանում են կառուցել ճաշարան, փոխել պատուհանները, դռները և կատարել այլ աշխատանքներ:
Բյուջեում խնայողությունների միջոցների բաշխման փոփոխությունները, պետք է հաստատվեն Սակրեբուլոյում:
Բոլոր այդ ծրագրերը կիրականացվեն 2017 թ.-ին, բացի Բուրնաշեթում Մշակույթի տան տանիքի և Բեժանո-Տուրցխ ջրատարի վերականգնումից: Այդ աշխատանքները շրջանը մտադիր է ավարտել այս տարի, և օրերս կներկայացնի նախագիծը Սակրեբուլոյի հաստատմանը, քանի որ այդ նախագծերը ավարտելու համար նույնպես պահանջվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք կավելացվեն խնայողական գումարներից:
«Մենք Բուրնաշեթի համար ցանկանում ենք իրականացնել թեթևացված գնումներ: Տենդեր-մրցույթը բացել երեք օրվա, և ավարտել վերականգնումը մինչ ցրտերը կսկսվեն: Ինչպես նաև ավարտել Բեժանո-Տուրցխ 400 մ երկարությամբ ջրատարի վերականգնումը», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
“Օգնություն գյուղին ծրագրի” աշխատանքներից ամբողջ խնայողական գումարը 141 861, 59 լարի, շրջանի ղեկավարությունը որոշել է ուղղել Կուլիկամ գյուղի մանկապարտեզի կառուցմանը:
«Մենք նամակ ենք հղել Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությանը, որպեսզի նրանք թույլ տան ամբողջ գումարը ծախսել Կուլիկամ գյուղի մանկապարտեզի կառուցումը ավարտին հասցնելու համար: Քանի որ գումարը մեծ է, Շրջանային խորհուրդը չի կարող հաստատել», – ասում է Ախալքալաքի Շրջանային վարչության տնտեսագիտության բաժնի փորձագետ Վահան Բաթոյանը:
Շուշան Շիրինյան