Ախալքալաքի մունիցիպալիտետում խոտհունձը շարունակվում է: Որոշ գյուղերում գործընթացն արդեն ավարտված է, որոշ գյուղերում դեռ ընթացքի մեջ է։ Այս տարի անձրեւային եղանակի պատճառով մունիցիպալիտետում խոտը շատ է։ Խոտի մեկ տուկը (22-25 կգ) արժե 6 լարի:

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում հիմա խոտհունձի թեժ սեզոն է։ Կոկիո գյուղում բնակիչներն աշխատում են դաշտերում, որպեսզի խոտը հավաքեն, տուկ կապեն։ Ոմանք իրենց անասունների համար, ոմանք էլ մտածում են վաճառելու մասին։

«Նոր ենք սկսել խոտհունձը, ամեն ինչ լավ է գնում, խոտը շատ է, բայց միևնույն է չի հերիքում: Ով վաճառում է, նրա համար վատ տարի է, որովհետև խոտն այս տարի էժան է, իսկ ով գնում է՝ լավ է»,- ասում է Կոկիո գյուղի բնակիչ Սարգիս Գալստյանը:

Տուրցխ գյուղում խոտհունձն ավարտվել է, շարունակվում է ձմռան համար խոտի պահեստավորման գործընթացը։ Բայց գյուղը խոտ քիչ ունի, շատերը ստիպված են խոտ գնել այլ գյուղերից։

senokos1

«Մենք քիչ հող ունենք, մեր հողերի մեծ մասը մշակում ենք, քիչ է մնում խոտհունձի համար, ուստի գնում ենք: Գյուղում բնակիչների գրեթե կեսը կով չունի, նրանք վաճառում են ուրիշներին: Երկու կովի համար ավելի քան 10 հար հող պետք է հնձել, մի տուկն արժե 6 լարի»,- ասում է Ղևենյան Աննան։

Մեկ կովին կերակրելու համար անհրաժեշտ է 80 տուկ խոտ։