Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տարածած տեղեկության համաձայն՝ այսօր հրապարակվել են կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության, կերպարվեստի, կիրառական արվեստի և ընդհանուր ունակությունների ընդունելության քննությունների առաջին արդյունքները։

Իր արդյունքն իմանալու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայք, մուտքագրի անձնական համարը և հնգանիշ գաղտնաբառը համապատասխան դաշտում:

Անձնական էջում քննվողը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատության պատճենը և կոնկրետ առարկայից ստացված նախնական միավորը։ Միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հայտերի վերանայումից, միավորների հավասարեցումից և բաշխումից հետո։

Կենսաբանության, կերպարվեստի և կիրառական արվեստների քննության առավելագույն միավորը 70 է, քիմիայից՝ 63, աշխարհագրությունից՝ 59, իսկ ընդհանուր ունակություններինը՝ 80:

Դիմորդները կհամարվեն վերոնշյալ առարկաներից յուրաքանչյուրի (բացառությամբ ընդհանուր ունակությունների քննության) քննությունը հանձնած, եթե նրանք հանձնել են այդ առարկայի համար սահմանված առավելագույն միավորի 25%-ից ավելին, իսկ ընդհանուր ունակություններից առավելագույն միավորի 30%-ից ավելին: