Ախալքալաքի բնակիչները հնարավորություն ունեն առաջ քաշելու քաղաքի համար սոցիալապես կարևոր գաղափարներ, որոնց կատարումը կարող է իրականացվել 30 000 լարիով։ Դրա համար նրանք իրենց գաղափարով կարող են դիմել քաղաքապետարան անմիջապես հիմա եւ մինչեւ օգոստոսի 21-ը։ Սակայն, արդյոք նախաձեռնությունները կգնան Ախալքալաքի քաղաքապետարան՝ հաշվի առնելով բնակչության ու իշխանությունների քաղաքացիական պասիվությունը, դեռ հարց է։

Ախալքալաքում իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և համակողմանի մասնակցության համար» նախագիծը, որը նպաստում է հասարակ քաղաքացիների ներգրավմանը մունիցիպալ կառավարման գործընթացում։ Ախալքալաքում, և առհասարակ, Վրաստանում քաղաքացիական բյուջեն իրականացվում է առաջին անգամ։

2024 թվականին Ախալքալաքի բյուջեից կտրամադրվեն միջոցներ (մասնավորապես՝ 30000 լարի), որոնց բաշխումը կարող է որոշել ցանկացած բնակիչ, եթե նրա գաղափարը լավագույնը լինի ու համապատասխան։

Այսպիսով, քաղաքացիական բյուջետավորման գաղափարի համաձայն՝ Ախալքալաք քաղաքի տարածքում գրանցված և/կամ փաստացի բնակվող Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ներկայացնելու ընդհանուր շահի համար գործունեություն իրականացնելու նախագիծ։ Նախաձեռնության բյուջեն չպետք է գերազանցի 30000 լարին։ Ծրագրի իրականացումը պետք է լինի Ախալքալաքի մունիցիպալիտետի իրավասության շրջանակներում, ծառայի բնակչության բարեկեցությանը, այլ ոչ թե մասնավոր կամ բիզնես շահերին: Իսկ ծրագրի իրականացումը պետք է հնարավոր լինի 2024 թվականի ընթացքում։

Հայտերն ընդունվում են 2023 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 21-ը ներառյալ։ Այսինքն՝ Ախալքալաքի բյուջեով հաջորդ տարի կյանքի կոչելու համար գաղափարի ներկայացմանը մնացել է 21 օր։ Դիմումը կարելի է ուղարկել էլեկտրոնային փոստով՝ varchucyun@gmail.com հասցեով, կամ գրավոր ներկայացնել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարան՝ Չարենցի 11 հասցեով: Ընտրված ծրագրերը ֆինանսավորվելու են մունիցիպալիտետի բյուջեից։

Ինչպես պարզաբանեց փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, որպեսզի քաղաքի բնակիչները տեղյակ լինեն այս նախաձեռնության մասին, քաղաքում քաղաքապետի երկու ներկայացուցիչներն էլ պետք է հանդիպեն բնակչությանը։

«Մինչև հոկտեմբերի վերջ կարող ենք գաղափարներ քննարկել: Ֆինանսավորվող նախաձեռնությունների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 30 000 լարին, դրանք կիրականացվեն հաջորդ տարի, մենք պետք է աշխատանքները կատարենք օրենքով սահմանված կարգով։ Մենք՝ հանձնաժողովով, կքննարկենք հեղինակի հետ համատեղ հաղթած նախաձեռնությունը և կփոխանցենք քաղաքապետարան, քաղաքապետարանը կներկայացնի սակրեբուլոյին, որպեսզի հաջորդ տարի բյուջեում այս գումարը հաշվի առնեն։ Հանձնաժողովը բաղկացած է 10-ից ավելի հոգուց։ Այս ամենը նորույթ է, նախկինում նման փորձ չենք ունեցել»,- մեկնաբանեց Մկրտիչ Մղդեսյանը, ով այս հանձնաժողովի նախագահն է։

Ըստ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի ծրագրի համակարգող Օլգա Էնդելաձեի, գործընթացում ներգրավված է Ախալքալաքի քաղաքապետին առընթեր խորհուրդը, քաղաքի մասնագետները, ըստ էության, պետք է տեղեկատվական արշավ իրականացնեն, տարածեն տպագիր ձևաթղթերը՝ լրացնելու համար՝ կարճ տեղեկություններով գործընթացի վերաբերյալ։ Նաեւ տեղեկատվությունը պետք է լինի մունիցիպալիտետի կայքում, նաեւ պետք է ներգրավվեն լրատվամիջոցները, որոնց հետ քաղաքապետարանի աշխատակիցները պետք է հնարավորինս կապ պահպանեն։ Գաղափարներով հայտադիմումները պետք է ընդունի անձամբ գրասենյակը կամ էլ. փոստի միջոցով:

«Մենք գիտենք, որ գործընթացները միշտ դժվար են լինում առաջին տարում, ուստի մենք հիմա համաձայնեցնում և պլանավորում ենք մարաթոնը: Սա կլինի մեկօրյա միջոցառում, որին մասնակցելու ենք մենք: Մարաթոնի ընթացքում մենք կօգնենք լրացնել այս հայտերը, քանի որ ոչ բոլորը կարող են ձևակերպել հայտերը», – ասում է Օլգա Էնդելաձեն՝ ծրագրի համակարգողը Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում:

Նրա խոսքով, քաղաքապետարանն ինքն է որոշել նախնական 30 հազար լարիի չափով գումարը։

«Սա որոշում է քաղաքապետը, դա ամրագրված է քաղաքապետի հրամանով, այս նախաձեռնության համար հատկացվել է 30 հազար լարի, տրամաբանությունն այն է, որ քանի որ այժմ գյուղերում կա «Օգնություն գյուղին» ծրագիրը, մենք որոշեցինք գործարկել նույն գործընթացը՝ պարզապես քաղաքում, և քաղաքին հատկացվել է այս 30000 լարին»,- ասում է նա։