Հարևան Ասպինձայի մունիցիպալիտետում անասունների և մարդկանց շրջանում բրուցելոզը մեծ թափ է հավաքում, Ախալքալաքի մունիցիպալիտետում անասունների մոտ հիվանդության կասկածով դիմողներ չեն եղել, իսկ բրուցելոզի կասկածով բժիշկներին դիմած մեկ քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել։

Հարևան Ասպինձայի մունիցիպալիտետում բրուցելոզն արդեն երկու ամիս է տարածված է։ Առաջին դեպքը մունիցիպալիտետում գրանցվել է այս տարվա մայիսին։ Ասպինձայի մունիցիպալիտետում մինչ օրս բրուցելոզ է գրանցվել 111 խոշոր եղջերավոր անասունի և 18 մանր եղջերավոր անասունի մոտ։ Բրուցելոզով վարակվել են նաև Ասպինձայի մունիցիպալիտետի բնակիչները, հիվանդությունը հաստատվել է 34 մարդու մոտ։

Երեկ՝ հուլիսի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Էխտիլա գյուղի բնակիչը բրուցելոզի կասկածանքով դիմել է բժիշկներին, սակայն այսօր լաբորատոր հետազոտությունից հետո հիվանդությունը չի հաստատվել, արդյունքը բացասական է եղել։

Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ Սննդի գործակալության շրջանային վարչության տեղեկատվության, խոշոր եղջերավոր անասունների և մանր եղջերավոր անասունների մոտ բրուցելոզով վարակման դեպք չի գրանցվել, իսկ Ասպինձայի մունիցիպալիտետում գրանցվել է 129 դեպք։

Մարզային Գործակալության վարչության ղեկավար Լիա Բեքաուրին Jnews-ի հետ զրույցում ասաց, որ անասունների մոտ բրուցելոզի կասկածի դեպքում անասնատերերը պետք է դիմեն իրենց։

«Եթե ֆերմերը կասկածում է, անպայման պետք է կապվի մեզ հետ, եթե մենք կասկածներ ունենանք, ապա կսկսենք գործել: Կասկածի դեպքում կենդանուց արյուն ենք վերցնում, լաբորատորիայում զննում ենք: Եթե եզրակացություն ունենանք, որ կենդանին բրուցելոզով հիվանդ է, ապա տվյալ կենդանին պետք է սպանդանոցում մորթվի, պահպանելով սանիտարահիգիենիկ անվտանգության բոլոր չափանիշները»,- ասում է Լիա Բեքաուրին։

Սննդի գործակալության շրջանային վարչության Ախալքալաքի բաժնից ասացին, որ պլանային ստուգումներ են անցկացնում պանրի գործարաններում, ստուգումներն անցկացնում են Թբիլիսիից ժամանած մասնագետները։ Սակայն Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում պանրի արտադրությունն իրականացնում են բազմաթիվ մասնավոր անձինք, որոնց արտադրանքը որևէ ստուգման չի ենթարկվում։

Սպառողական շուկայում վաճառվող սննդամթերքի անվտանգության համար պատասխանատվություն է կրում արտադրողը, իսկ պետությունը վերահսկում է իրացման և արտադրության գործընթացի անվտանգությունը։

Շատերի մոտ հարց է ծագում, թե արդյոք բրուցելոզով հիվանդ կենդանու միսը վտանգավոր է։ Լիա Բեքաուրին ասում է, որ բրուցելոզի դրական պատասխանով անասունի միսը սպանդանոցից բաց են թողնում։

«Բացառություն են կազմում ներքին օրգանները՝ կուրծքը, գլուխը, կաշին, որոնք ոչնչացվում են, մնացած միսը կարելի է օգտագործել, գլխավորը, որ կենդանին մորթված լինի սպանդանոցում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքը որոշում է անասնաբույժը, ով հետևում է անասուններին»,- ավելացնում է Լիա Բեքաուրին։

Բրուցելոզը վարակիչ հիվանդություն է: Կովերի մոտ բրուցելոզի հիմնական և առավել ակնհայտ ախտանիշներն են

– աբորտը
– սատկած հորթի ծնունդը

Որոշ դեպքերում տեսանելի ախտանիշ կարող է լինել կովի ոտքերի վրա բուրսիտի առաջացումը, ինչպես նաև թարախակույտի բորբոքումն ու հետնաոտքերի հիգրոմաները։

Բրուցելոզը լատենտային հիվանդություն է, որն առաջանում է առանց որևէ ախտանիշի։ Ախտանիշների բացակայությունը հանգեցնում է այն բանին, որ զարգացման վաղ փուլերում չափազանց դժվար է բացահայտել հիվանդությունը:

Բրուցելոզը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Մարդկանց մոտ հիվանդությունը ազդում է նյարդային, սրտանոթային և մկանային-ոսկրային համակարգերի վրա: Վարակը մարդուն փոխանցվում է կենդանիների մսի կամ կաթի, ինչպես նաև նրանց հետ սերտ շփման միջոցով։

Մարդկանց մոտ բրուցելոզի առաջին նշանները կարող են նմանվել գրիպին: Հիվանդը գանգատվում է գլխացավից, հոդացավից, թուլությունից, ջերմությունից։ Նկատվում է նաև ախորժակի կորուստ, դող, որովայնի ցավ, դանդաղկոտություն, պարբերաբար ջերմության բարձրացում, քաշի կորուստ։

Բրուցելոզի բուժումը կախված է հիվանդության ձևից, դրա ծանրությունից և բարդություններից, հիվանդի տարիքից: Բուժման տարբերակները բազմազան են: Դրանք յուրաքանչյուր դեպքում ընտրվում են անհատապես: