Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր ասել է, որ Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Փոխանցում է Mediamax—ը։
«Ադրբեջանն անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ ապահովելու անարգել մուտք ԼՂ։
Բացի այդ, Բաքվից հնչում են անմարդկային ու ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»»,- Twitter-ում գրել է Վահան Կոստանյանը։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության մոտ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երեւանից ուղեւորվել էր Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր, որտեղից էլ Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար բանակցում են ՌԴ խաղաղապահները:
Այս առիթով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ «անընդունելի է միայն Լաչինի ճանապարհը պահանջելը, իսկ Աղդամի ճանապարհից հրաժարվելը, ճանապարհը փակելը եւ այն քաղաքականացնելը»:
«Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի փակումն անընդունելի է։ Դրա օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։
Միջազգային հանրությունը պետք է հստակ ուղերձ հղի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման եւ Ղարաբաղի հայ բնակիչների Ադրբեջանին վերաինտեգրման մասին։ Ուրիշ ճանապարհ չկա։ Խաղն ավարտված է»,- ասել է Հիքմեթ Հաջիեւը։
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ ասել է, որ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը՝ թույլ չտալով ճգնաժամի հետագա սրում»։
«Մենք ի գիտություն ենք ընդունել նաեւ Աղդամ քաղաքով ապրանքների մատակարարման՝ Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։
ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական մուտքը կողմերից ոչ մեկի կողմից չպետք է քաղաքականացվի»,- նշել է Ժոզեպ Բորելը: