Այսօր՝ հուլիսի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հանձնաժողովները համատեղ նիստում քննարկել են տեղական բյուջեի հերթական ճշգրտումը։ Բյուջեի փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է նաև լրացուցիչ գումար հատկացնել Տուրցխ գյուղի երիտասարդական կենտրոնի վերականգնման համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջեով երիտասարդական կենտրոնի վերականգնման համար հատկացվել է 30000 լարի։ Սակայն, ինչպես ասաց Սակրեբուլոյի պատգամավոր Աննա Ղևենյանը, նախահաշիվը կազմելիս որոշվել է ավելացնել ֆինանսավորման չափը և վերականգնել ամբողջ շենքը՝ աստիճաններից ընդհուպ մինչև տանիք և կոսմետիկ վերանորոգում։
Տուրցխ գյուղի երիտասարդական կենտրոնի վերանորոգման համար նախատեսված 30 000 լարիին նախատեսվում է ավելացնել 20 024 լարի, քանի որ, ըստ նախագծային փաստաթղթերի, կենտրոնի վերականգնման համար անհրաժեշտ է 50 024 լարի։
Այս շենքը գնվել է երիտասարդական կենտրոնի համար ՕԳԾ-ի («Օգնություն գյուղին» ծրագիր) գումարով: Բակում գտնվող հուշարձանը կանգնեցվել է բարերարների գումարներով։ Շենքն ժամանակին ակտիվորեն գործում էր, հետո բնակիչները հույս ունեին ներսում հասարակ կոսմետիկ վերանորոգում անել։ Սակայն այժմ բոլորը պնդում են, որ շենքը խոնավություն է քաշել։
Առաջին տարիներին, երբ շենքը գնեցին երիտասարդական կենտրոնի համար, այնտեղ պարային խմբեր էին գործում, պարապմունքներ, միջոցառումներ էին անցկացվում, բայց ինչ-ինչ պատճառներով այդ ամենը շուտով դադարեց։ Երիտասարդական կենտրոնն աստիճանաբար վերածվեց լքված շենքի։
Եկեղեցու մոտ գտնվող մեծ, երկհարկանի շենքը գյուղի երիտասարդական կենտրոնն է։ Չնայած նոր պատուհաններին ու դռներին, այն դեռ թողնում է լքվածության զգացում, ինչին նպաստում է նաև ուժեղ քամիների պատճառով մասամբ քշված տանիքը, որից հետո անձրևաջրերը ներթափանցում են շենք։ Ըստ տեղի բնակիչների՝ 3 տարի առաջ քամին տանիքի մի մասը պոկել է, և որ այս ամբողջ ընթացքում ջուրը լցվելիս է եղել շենք, ինչն էլ ավելի անպիտան է դարձրել այն։
2021 թվականին Jnews-ն իր նյութերից մեկում անդրադարձել է Տուրցխի երիտասարդական կենտրոնի շենքի լքված լինելու խնդրին։
2022 թվականին տեղական բյուջեից 15000 լարի միջոցներով երիտասարդական կենտրոնում պատուհանները փոխվել են։