Աղմաշենեբելի թիվ 14 բազմահարկ շենքի տանիքը փոխվում է: Հին տանիքի ապամոնտաժումը և նորի տեղադրումը կատարվում է մաս-մաս։ Երկու օր առաջ տանիքի մի մասի ապամոնտաժումից հետո՝ հուլիսի 25-ի գիշերը, հորդառատ անձրեւ տեղաց, սակայն բնակիչների բողոքի թեման տանիքից խոնավությունը չէ, այլ ասֆալտի բացակայության պատճառով շենքի շրջակայքում տիրող խոնավությունը։
Երեկ ողջ գիշեր տեւած անձրևից հետո սպասվում էր, որ Աղմաշենեբելի փողոցի թիվ 14 շենքի վերին հարկերը կլինեն ջրով լցված, սակայն խոնավության մեջ էր հայտնվել շքամուտքը։ Բնակիչները սրա վրա աչք փակեցին։ Բնակիչների խոսքով՝ ժամանակին իրենք՝ շերտ առ շերտ, բետոնից տանիքի վրա հողաթմբեր են սարքել ու փակել, ուստի այդ գիշեր անձրեւը միայն շատ քիչ վայրերից է ներթափանցել բնակարաններ։
«Ամուսինս ինքը տարբեր կերպ փակել է, այնտեղ հաստ շերտ կա, ուստի միայն մի տեղից մի քիչ ջուր է ներթափանցել, բայց դա սարսափելի չէ»,- ասում է Աղմաշենեբելիի թիվ 14 բնակելի շենքի 5-րդ հարկում բնակվող բնակիչներից մեկը։
Դժվար է պարզել, թե ինչ վիճակում են վերին հարկերի բնակարանները, քանի որ դրանցից շատերում ոչ ոք չի ապրում։ Համենայնդեպս, տանիքը վերանորոգող «Էյ-Թի-Վի» ընկերությանը բողոքներ դեռ չեն եղել։ Բայց բնակիչները, միևնույն է, դժգոհում են անանցանելի բակից, որի ասֆալտապատման շուրջ վեճը շարունակվում է երկար տարիներ։
«Ջուրը մեզ մոտ է իջել, քանի որ վերջին հարկում մարդ չի ապրում, բայց խնդրում եմ, գրեք այս բնակելի շենքի բակի մասին: Քաղաքում հնարավո՞ր է գոյություն ունենա նման բակ: Մի՞թե սա բակ է: Ինչո՞ւ ասֆալտ չեն անում, չգիտեմ, նախկինում պարզ է, որ հին ղեկավարությունն ապօրինի ցանկապատերը վերցրել էր իր թևի տակ, բայց ղեկավարությունը փոխվել է, ինչո՞ւ հիմա այս հարցը չի լուծվում։ Հենզել Մկոյանն այլևս չկա, ասում էին, որ նա թույլ չի տալիս, քանի որ ընկերություն էր անում մարդկանց հետ, ովքեր ապօրինի ցանկապատեր էին սարքում, բայց նա արդեն չկա (խմբ. Իշխանությունում չէ)։ Ինչքա՞ն կարելի է այսպես»,- ասում է այս տան 4-րդ հարկում ապրող բնակիչներից մեկը։
Բակի մի կողմից մենք փորձեցինք դուրս գալ փողոց, բայց լողալ չհաջողվեց, ստիպված եղանք ետ դառնալ ու շրջանցել՝ հասնելու համար բազմահարկ շենքի մյուս շքամուտք։ Աղմաշենեբելի փողոցի թիվ 14 շենքի շուրջ այս հատվածի ասֆալտապատման խնդիրը կապված էր այն բանի հետ, որ շենքի բակում կան մասնավոր կցաշինություններ, առանց որոնց վերացնելու շինարարական կազմակերպությունը և տեղական իշխանությունները հրաժարվել էին ասֆալտապատել տարածքը։ Բնակիչներից ոմանք համաձայնվել են և հանել իրենց կցաշինությունները, ոմանք՝ ոչ: Տարածքը պետք է ասֆալտապատվեր դեռ 2017 թվականին, սակայն կցաշինությունների պատճառով էր, որ աշխատանքները դադարեցվեցին։ Ինչպես դեռ 2023 թվականի մայիսին Jnews-ին տված հարցազրույցում մեկնաբանել էր Ախալքալաքի քաղաքապետը, այս բակը, ի թիվս այլ ոչ ասֆալտապատ տարածքների, մունիցիպալ իշխանությունները մտադիր են կարգի բերել, բայց դեռ հայտնի չէ այս տարի թե հաջորդ։
Ինչ վերաբերում է տանիքի վերանորոգմանը, ապա առաջին անգամ հայտարարված մրցույթը շահած «Գոլդ 777» ընկերությունը որակազրկվել է։ Դրանից հետո նույն գումարով՝ 122 437.00 լարիով, երկրորդ փուլում հայտարարված նույն մրցույթը շահել է մեկ այլ «Էյ-Թի-Վի» ընկերությունը, որը գրանցված է Բորժոմիում 2014թ.-ին: Չնայած այն հանգամանքին, որ հաղթել է այս ընկերությունը, տեղում աշխատանքները ղեկավարում են «Գոլդ 777» ընկերության աշխատակիցները։ «Էյ-Թի-Վի» ընկերության տնօրեն Վասիլ Տղեմալաձեն հաստատեց, որ տեղում իրենց օգնում են ենթակապալառուները, տեղական ընկերությունները, քանի որ նման բազմաթիվ մրցույթներ ունեն նրանք։ Տղեմալաձեի խոսքով, իրենք տեղեկություն չեն ստացել բնակարանների ջրհեղեղման խնդրի մասին։ Եվ նաեւ ընկերության ղեկավարն ասաց, որ նախատեսում են 15 օրում ավարտել Աղմաշենեբելի թիվ 14 բազմահարկ շենքի տանիքի վերականգնումը։