Դոնարա Անտանոսյանն առաջին ուսանողն է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից, ով համալսարան է ընդունվել առանց «1+4» նախագծի։

Ավարտել է գյուղի թիվ 1 հանրային դպրոցը և հանձնելով երեք քննություն, ինչպես ազգությամբ վրացիները միանգամից ընդունվել է առաջին կուրս։ Հիմա արդեն երկրորդ կուրսի ուսանողուհի է։

Դոնարան մշտապես մտածել է կրթությունը շարունակել երկրում, սակայն մինչև դպրոցը ավարտելը չի մտածել, որ կարող է համալսարան ընդունվել առանց «1+4» նախագծի։ Տարիների ընթացքում, երբ արդեն իրենց դպրոցում վրացերեն լեզվի ուսուցումը դառնում է բարձր մակարդակի, և դրա հետ մեկտեղ ինքն էլ գիտակցում է, որ շատ կարևոր է սովորել պետական լեզուն, սկսում է էլ ավելի լավ սովորել և դպրոցն ավարտելուվ հետո ինչպես ինքն է ասում դիմում է ռիսկային քայլի։

«Որոշեցի փորձել, ռիսկային քայլ արեցի ու գրանցվեցի քննություններին։ Հանձնել եմ վրացերեն լեզու և գրականություն, մաթեմատիկա և անգլերեն առարկաների քննությունները։ Առաջինը եկավ վրացերենի պատասխանը, երբ տեսա, որ անցել եմ, ասացի վերջ, արդեն համարվում եմ առաջին կուրսի ուսանող», – պատմում է Դոնարան։

Ընդունելության քննությունների համար հատուկ վրացերենի, անգլերենի կամ մաթեմատիկայի պարապմունքների չի հաճախել։

1

Դրան զուգահեռ հանձնել է նաև միայն ընդհանուր ունակությունների քննություն, «1+4» ծրագրով ընդունվելու համար։ Երկուսի դեպքում էլ ընդուվել է, «1+4» նախագծով 100% անվճար։ Իսկ մյուս դեպքում վճարովի, բայց քանի որ Նիոնծմինդայի շրջանը համարվում է բարձրլեռնային, ըստ կարգավիճակի այստեղ նույնպես ստացել է 100% գրանտ։

Դոնարան չի սիրում խոսել դժվարությունների մասին, սակայն նշում է՝

«Յուրաքանչյուր հայ ուսանողի համար կա դժվարություն, կապ չունի դա նախապատրաստական կուրսում է, թե առաջինում։ Առաջին կուրսում էլ ավելի դժվար է, քանի որ խմբում չեմ ունեցել ազգությամբ հայ ուսանողներ, բոլորը վրացիներ էին, շփվում էի նրանց հետ, բացատրում էի, որ մեր դպրոցը հայկական է, որ ես միանգամից իրենց պես եմ հանձնել քննություն։ Հետագայում կամաց-կամաց ընտելացա»,- ասում է նա։

Անցնելով դժվարությունների միջով մեր հերոսուհին արդեն Իլիայի պետական համալսարանի բիզնես-կառավարման ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի է։

Մեր հերոսուհին ասում է՝ իրենց դպրոցը վրացերեն լեզուն սովորելու համար շատ ծրագրեր է առաջարկում աշակերտներին, թրեյնինգներ, ճամբարներ և այլն։ Հենց այդտեղից էլ առաջացել է սերը վրացերենի հանդեպ։

«Վրաց լեզվի հանդեպ հատուկ սեր չեմ ունեցել, բայց 8-րդ դասարանում սկսեցի մասնակցել տարբեր ծրագրերի և այդտեղից էլ որոշեցի, որ վրացերենը ինձ շատ է պետք», – նշում է Դոնարան։

Վերջինս հասկանում է, որ սովորելուց հետո դժվար կլինի իրեն գյուղում գործ գտնելը, սակայն հստակ չի որոշել կմնա մայրաքաղաքում թե ոչ։ Միեւնույն ժամանակ կարևորում է այն, որ իր շրջանին լավ մասնագետներ են հարկավոր։

2

«Կարևոր է, որ մեր ուսանողները հետ վերադառնան, քանի որ մեր թեկուզ գյուղին, թեկուզ շրջանին պետք է են լավ մասնագետներ, որպեսզի զարգացնեն մեր շրջանը։ Բայց յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում», – հավելում է նա։

Դոնարան կարծում է, որ իր քայլն արդեն հետաքրքրում է մյուս աշակերտներին, քանի որ շատ հարցեր են տալիս, իսկ ինքը բոլորին մեծ սիրով օգնում ու բացատրում է։ Իր փոքր քրոջը նույնպես նախապատարստում է, որ միանգամից ընդունվի առաջին կուրս։

Մեր հերոսուհին այսօր տիրապետում է 4 լեզվի՝ հայերեն, վրացերեն, անգլերեն և ռուսերեն։ Բացի մասնագիտությունից, սիրում է նաև լեզուներ սվորել, քանի որ ցանկություն ունի հատագայում մասնակցել կրթական ծրագրերի տարբեր երկրներում։

Կարևորում է աշխատասիրությունն ու ձգտումը նպատակներին հասնելու համար։ Ինքը նույնպես առաջնորդվում է այդ կարգախոսով։