Այսօր՝ հուլիսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում հանդիսավորությամբ նշեցին “Տերյանական պոեզիայի” օրը։ Այս տոնը նշվեց 56-րդ անգամ:

Գանձայում այսօր մարդաշատ էր, հայ մեծ քնարերգու, բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված տոնը նշելու եկել էին ոչ միայն Նինոծմինդայից և Ախալքալաքից, այլ նաև Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի այլ քաղաքներից: Մինչ համերգային մասի մեկնարկը հյուրերն այցելեցին հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։ Այնուհետև Սուրբ պատարագ մատուցվեց Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում, որից հետո էլ սկսվեց համերգային մասը:

7

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը ասաց, որ հիմնադրամը փորձում է նմանատիպ միջոցառումների միշտ աջակից լինել:

3

«Մենք հենց այս բեմում հայտարարել էինք, որ տուն-թանգարանի վերականգնումը մեր համար կարևոր ուղղություն է և կարևոր գործ է, և 2021 թվականին բացեցինք ցուցասրահը։ Այս պահին աշխատում ենք տուն-թանգարանի հուշային մասի վրա, այսինքն Տերյանի հայրական տան: Նախագիծը արդեն պատրաստ է, մենք պատրաստ ենք ծրագիրը իրականացնելու և պատրաստ ենք ամբողջ համալիրը վերականգնելու: Արդեն փուլն է հասունացել, որ մեր բոլոր ընկերները, գործընկերները և բարերարները մասնակից լինեն այդ մասի վերականգնմանը, և կոչ ենք անում բոլորին իրենց նվիրատվություններով աջակցեն այս ծրագրի իրականացմանը», – ասաց Սամվել Մկոյանը:

4

Օրվա մասին խոսեց նաև Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:

2

«Ավանդական օր է սա: Պոեզիայի օրն է, և հիմնական շեշտը դրվում է Տերյանի ստեղծագործությունների վրա, որոնք արտասանվում են, որոնք երգվում են, որոնք թարգմանված են տարբեր լեզուներով: Այս բեմում հնչում են այդ ստեղծագործությունները: Միջոցառումները սկսել ենք առավոտյան ժամը 11:00-ից, ունենք բազմաթիվ հյուրեր ինչպես մեր երկրից, այնպես էլ Հայաստանից: Մինչև երեկո կշարունակվի միջոցառումը», – նշեց Մոսոյանը:

5

6

Միջոցառմանը ներկա էին նաև՝ Վրաստանի խորհրդարանի Ախալքալաք-Նինոծմինդա շրջաններից մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետները, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հգշ. Տ. Նշան Հմայակյանը, երկու մունիցիպալիտետների տեղական ինքնակառավարման մարիմինների աշխատակիցներ։ Թբիլիսիից տոնին մասնակցելու էին եկել «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, Երևանից` «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն ու այլ հյուրեր։

1

8