Օրեր առաջ «1+4» ծրագրով Վրաստանում համալսարան ընդունվել ցանկացող դիմորդները մասնակցեցին ազգային քննություններին, դեռ անցած ամիս էլ Հայաստանում սովորել ցանկացող ուսանողներն էին հանձնել քննությունները։ Ո՞ր մասնագիտություններն են առավել նախընտրելի եւ ինչպես են ընտրություն կատարում դիմորդները Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ։ Jnews-ը հարցում է իրականացրել Հայաստանի ու Վրաստանի տարբեր համալսարաներ ընդունվել ցանկացող դիմորդների շրջանում:

Առցանց հարցմանը մասնակցել է մոտ 50 դիմորդ, որոնք քննություների դրական պատասխանի դեպքում սովորելու են Հայաստանի ու Վրաստանի Բուհ-երում: Հարկ է նաև նշել, որ դիմորդների մեծամասնությունը դեռ չի կատարել իր մասնագիտական ընտրությունը:

Ըստ հարցման արդյունքների՝ Վրաստանում ընդունվել ցանկացող դիմորդների մասնագիտական ընտրությունը բավականին բազմազան է, ի տարբերություն Հայաստանի։

Վրաստանի Բուհ-երում ընդունվել ցանկացողները հիմնականում ընտրում են՝ բանասիրություն, Էկոնոմիկա և բիզնես ուղությունները, նաև ճարտարապետության հանդեպ հետաքրքրությունն է ավելանում։

Հայաստանի Բուհ-եր ընդունվել ցանկացողների մասնագիտական ընտրությունը հիմնականում ծրագրավորումն է, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում այս ուղղությունը ավելի զարգացած է: Հայաստանում նաև շատ է բժշկական համալսարան ընդունվել ցանկացողների թիվը:

Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի Jnews-ը առանձնացրել է մի քանի գյուղերի դիմորդների մասնագիտական ուղղվածությունն առանձին-առանձին:

Ախալքալաքի շրջանի Կաջո գյուղի դիմորդներն այս տարի 8-ն են, նրանցից շատերը նախընտրել են Հայաստան գնալ, երկուսն ընտրել են ծրագրավորում, մեկը՝ մարքեթինգ, մեկը՝ քաղաքագիտություն, մեկը՝ զբոսաշրջություն։ Իսկ Վրաստան գնացողներից երկուսն ընտրել են բանասիրություն, մեկը՝ զբոսաշրջություն։

Վաչիան գյուղի դիմորդներն այս տարի 19-ն են, նրանցից 11-ը սովորելու են Վրաստանի բուհ-երում հիմնականում ընտրել են բանասիրություն և Էկոնոմիկա մասնագիտությունները։ Իսկ 8-ը կրթությունը կշարունակի Հայաստանի բուհերում։ Նրանց գերակշռող մասն ընտրել է ծրագրավորում մասնագիտությունը։

Խավեթից այս տարի 5 երիտասարդ է դիմորդ, նրանցից 4-ը սովորելու են Վրաստանի բուհ-երում։ Ընտրել են PR մենեջերի և բանասերի մասնագիտությունները։ Դիմորդներից մեկը բարձրագույն կրթությունը կշարունակի Հայաստանում՝ ծրագրավորում մասնագիտությամբ։